ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է լինեն իրապես ընդդիմադիր․ դեմ եմ, որ ապագայում որևէ հարց լուծվի փողոցում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

-Պարոն Համբարյան, վերջին օրերին շատերն անդրադառնալով նորընտիր խորհրդարանի պատկերին՝ նշում են, քանի որ ԱԺ-ում չի լինելու ուժեղ և արմատական ընդդիմություն, այդպիսին կարող է ձևավորվել փողոցում։ Ո՞ր ուժերը, ըստ Ձեզ, կարող են դառնալ այդ պայքարի առաջամարտիկը։

Առայժմ վաղ է խոսել արտախորհրդարանական ուժերի գերակտիվության մասին, քանի որ 7-րդ գումարման Ազգային ժողովը դեռ իր առաջին նիստը չի անցկացրել։ Իհարկե, ես իմ բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ, որ ուժեղ ընդդիմության առկայությունը օրենսդիր մարմնում շատ կարևոր է՝ առաջինը իշխանության համար, որպեսզի սթափ լինի և երկրորդ՝ փողոցը զերծ կմնա ակտիվորեն այս գործընթացներին ներգրավվելուց։

Եթե հասարակության կողմից մանդատ ստացած երկու քաղաքական ուժերը չկարողանան ստանձնել իրական ընդդիմության պարտականությունները, ապա այո՛, չի բացառվում, որ իշխանությունների քայլերին ուշի ուշով հետևողն ու քննադատը կդառնան արտախորհրդարանական ուժերը։ Իմ կարծիքով՝ առաջիններից մեկը, որ կարող է դառնալ այդ քննադատը՝ ՀՀԿ-ն է, նաև ՀՅԴ-ն։ Բայց նորից կրկնեմ՝ դա կլինի միայն այն դեպքում, եթե ներկայիս խորհրդարանի ներսում ընդդիմադիր քաղաքական ուժերին չհաջողվի կատարել իրենց պարտականությունը որպես ընդդիմություն։

-Ինչո՞ւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ի՞նչ պոտենցիալ ունեն։ Տպավորություն է, որ նրանք մնացել են հին Հայաստանում, և հասարակությունը նրանց մերժել է, չե՞ք կարծում, որ նոր ուժերի ժամանակն է։

Խոսքս վերաբերում է մոտակա ժամանակներին։ Իսկ ավելի հեռու ապագայում չի բացառվում, որ նոր քաղաքական ուժերը ակտիվություն ցուցաբերեն։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն… այո՛, նրանք չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը, բայց հայտարարել, որ նրանք մերժված են հասարակության կողմից՝ սխալ կլինի։ Վերջիվերջո, ՀՀԿ-ն ստացել է 60 հազարից ավելի ձայն, չէր բացառվում, որ եթե ընտրություններն ավելի ուշ տեղի ունենային, ապա ՀՀԿ-ն կհաղթահարեր անցողիկ շեմը ու կհայտնվեր Ազգային ժողովում։

Ավելի հեռու ապագայում նոր ձևավորված ուժերը, որոնք մասնակցեցին ընտրություններին, բայց չանցան խորհրդարան, կարող են ստանձնել արտախորհրդարանական ընդդիմության դերը և ակտիվորեն գործել այդ հարթակում։

-Կարծում եք՝ փողոցը կարո՞ղ է իշխանության համար վտանգ ներկայացնել։

-Իհարկե, օրենսդիր մարմինն այն տեղն է, որտեղ պետք է տեղի ունենան քաղաքական գործընթացները։ Գործող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, նշում էին՝ փողոցը պետք է որոշի, իհարկե, փողոցը շատ դեպքերում աջակցեց նրանց։ Բայց ես, որպես պատմաբան, կարող եմ նշել, որ պատմության մեջ ընդամենը մեկ անգամ է փողոցը որոշել՝ հին Հունաստանում, Քրիստոսի ծննդից առաջ հինգերորդ դարում, Պերիկլեսի կառավարումն է եղել, որն ավարտվել է հենց իր համար շատ տխուր ճակատագրով։ Այս կառավարման համակարգը մերժված է գրեթե բոլոր երկրներում։

Վերադառնալով հարցին՝ նշեմ, որ այո՛, արտախորհրդարանական ընդդիմությունն ունի ամբիոնի կարիք, պետք է հրապարակների հարթակներն օգտագործի․․․ Բայց լավ կլինի, որ ԱԺ-ում տեղ գտած քաղաքական ուժերը իրենց վրա դրված պարտականությունները կատարեն։ Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա մեր տարածաշրջանում, և հաշվի առնելով այն սոցիալ-տնտեսական իրավիճակը, որ կա մեր երկրում, ես դեմ եմ, որ ապագայում որևէ հարց լուծվի փողոցում, որովհետև ամեն դեպքում թավշյա հեղափոխության կարևոր փուլն ավարտված է, ձևավորված է օրենսդիր իշխանություն, առաջիկա օրերին կձևավորվի նաև գործադիր իշխանություն, երկու ուժ էլ մանդատ ունեն ընդդիմադիր դաշտում գործելու համար։ Շատ լավ կլինի, որ նրանք դառնան իրապես ընդդիմադիր և թույլ չտան, որ հասարակության կողմից նրանց վրա դրված պարտականությունները կատարեն արտախորհրդարանական ուժերը։ Չնայած ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներն, ըստ իս, գոնե սոցցանցերում իրենց տեսակետները կհայտնեն՝ անկախ ամեն ինչից։