Կառավարության օպտիմալացման լավագույն տարբերակը

Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ պետական համակարգի օպտիմալացումը այլընտրանք չունի, սակայն դա ինքնին չի կարող անայլընտրանք դարձնել այդ օպտիմալացման որևէ տարբերակ: Իսկ քանի որ խոսքը պետական կառավարման համակարգի մասին է, ըստ այդմ այստեղ դրա բաժնետեր են բոլոր քաղաքացիները, բոլոր հարկատուները, հետևաբար օպտիմալացման տարբերակի շուրջ քննարկումները պետք է լինեն հնարավորինս լայն: Ու բանն ամենևին այն չէ, որ նոր կառավարությունը կարող է ընտրել վատ տարբերակը կամ անել սխալ օպտիմալացում:

Վերջին հաշվով նոր Հայաստանում այլևս պետք է գործի մեկ այլ սկզբունք՝ ոչ թե պայքարել վատ որոշում չունենալու դեմ, այլ պայքարել առավելագույնս լավ որոշում ունենալու համար: Իսկ դա հնարավոր է միայն լայն քննարկումների շնորհիվ: Եվ, ի դեպ, ոչ միայն կառավարման ոլորտի օպտիմալացման հարցում: Աներկբա է, որ Հայաստանին այլևս պարզապես լավ որոշումները բավարարել չեն կարող, մեր ստարտային պայմանները ամենևին այնպիսի ստերիլություն չունեն, որ մենք կարողանանք գոհանալ կայացվող լավ որոշումներով: Մեզ պետք են ամենալավ, լավագույն որոշումները: Եվ սա իդեալականության հետ շփոթել պետք չէ, քանի որ հազիվ թե որևէ մեկն ունենա իդեալական որոշումների պատրանք: Այդպես չի լինում, և ոչ միայն Հայաստանում:

Խնդիրը այլ է՝ գալ հնարավորինս մասնակցային քննարկումների, երբ խոսքը վերաբերում է քայլերի, որոնք ենթադրաբար պետք է արտացոլեն տարիների հեռանկար և վերաբերեն համընդհանուր կենսակերպին, համակեցությանը: Այստեղ իհարկե շատ կարևոր է, որպեսզի փոփոխությունն ինքնին իր ներսում պարունակի օպտիմալություն: Այսինքն՝ լինի այնքան լավը և մշակված, այնքան համակողմանիորեն դիտարկված, որ այլևս տարիներ, իսկ գուցե տասնամյակներ շարունակ մենք, որպես պետություն և հասարակություն, այլևս չկանգնենք այդօրինակ մասշտաբային կառուցվածքային փոփոխության անհրաժեշտության առաջ, կամ միայն արտառոց դեպքում, երբ մեզ դա կստիպի համաշխարհային իրավիճակի բերումով տեղի ունեցող որևէ փոփոխություն:

Ի վերջո, յուրաքանչյուր անգամ այդօրինակ ռեֆորմները պարունակելու են հանրային որոշակի սթրեսի իրենց չափաբաժինը, հետևաբար, քանի ներկայումս պահը ամենաբարենպաստն է՝ այդ ռեֆորմին ձեռնամուխ է եղել ոչ թե 50, 60, այլ 70 տոկոս և ավելի վստահություն ունեցող իշխանությունը, օգտագործենք պահն այնպես, որ այլևս շատ երկար ժամանակ հարկ չլինի հանրային, պետական, մտավոր, էներգետիկ ռեսուրսներ կենտրոնացնել ևս մեկ անգամ այդ գործընթացով անցնելու համար, երբ պարզվի, որ ինչ-որ բան սխալ ենք պատկերացրել կամ հաշվարկել:

Սա կարևոր խնդիր է, ու այն առնչվում է ոչ միայն կառավարման կառուցվածքի օպտիմալացմանը: Այդ խնդիրը առնչվում է նաև Սահմանադրության փոփոխությանը, նաև իշխանության թևերի լիազորությունների վերաբաշխման կամ, այսպես ասած, սուպերվարչապետության խնդրին: Մենք պայքարում ենք մեկ մարդու կամ մեկ ուժի համար ձևավորված իրողությունների դեմ, սակայն այդ պայքարը պետք է իր ներսից պարունակի արդյունավետության ռազմավարություն, որտեղ մեկ մարդու կամ մեկ ուժի խնդիրը այլևս ստորադաս է, և շատ կարևոր է հասկանալ, թե չեղարկելով այդ իրողությունները՝ քանի՞ մարդու խնդիր ենք լուծում նորով, որովհետև նշաձողը պետք է լինի առավելագույնը՝ բոլորի, որը պետք է ներառի ոչ միայն ընտրական իրավունք ունեցող բոլորին, այլ նաև նրանց, որոնք այսօր չունեն այդ իրավունքը, բայց վաղը ապրելու են այսօր գրված կանոններով, և ցանկալի է դրանք լինեն այնպիսին, որ վաղը դրանցով ապրեն՝ չմտածելով փոխելու մասին:

Աղբյուրը՝ 1in.am