Սյունիքի մարզպետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, դեկտեմբերի իննին վարկանիշային ընտրակարգով ընտրված Նարեկ Բաբայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հրաժարվելով պատգամավորի մանդատից։ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային քվեարկությունը այս պատկերն ուներ. Տրդատ Սարգսյան (10 042), Տիգրան Կարապետյան (9 922), Նարեկ Բաբայան (9 657), Կարեն Համբարձումյան (7 474), Արմեն Խաչատրյան (6 657): Բաբայանի ընտրողները դժգոհ են իրենց ընտրյալի այս որոշումից եւ սոցցանցերում բուռն քննարկում են սկսել։
Ընտրությունից հետո Նարեկ Բաբայանը շնորհակալություն էր հայտնել իր ընտրողներին՝ խոստանալով ջանք ու եռանդ չխնայելով՝ լուծել ցանկացած հարց ու խնդիր։
«Այս 9657 ձայները, որ ես ստացա ձեզանից, ոչ միայն չեն կորչելու, այլեւ մի մեծ տուն են կառուցելու Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, որտեղ բոլորը լինելու են ազատ, հավասար, հնարավորինս անհոգ եւ, իհարկե, երջանիկ։ Ձեր քվեներով դուք եւս մեկ անգամ ամրագրեցիք հեղափոխությունը, որը տանում է միմիայն դեպի վեհ, ամուր, ապահով եւ իհարկե երջանիկ Հայաստան։ Շնորհակալ եմ»,-գրել էր Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում։ Կապանցիները, մասնավորապես, դժգոհ են, որ խորհրդարանում նրանք չունեն կապանցի պատգամավոր։
Մանդատ ստացածները սիսիանցի են եւ գորիսեցի։ Փաստաբան Իրինա Մանուկյանն, օրինակ, «Ֆեյսբուքի» հարթակում հարց է ուղղել Բաբայանին. «Ինչո՞վ էիք ղեկավարվում, ի՞նչ նպատակներ եւ մոտիվացիա ունեիք, երբ առաջադրվում էիք որպես թեկնածու։ Ի՞նչ փոխվեց դրանից հետո՝ այն դեպքում, երբ Ձեզ քվեարկել են մոտ 10 հազար ընտրող։ Գոնե պատրաստվո՞ւմ եք ընտրողներին հաշվետու լինել Ձեր քայլի մասին»:
Ի դեպ, Նարեկ Բաբայանն ավելի վաղ առաջադրվել էր Կապանի քաղաքապետի ընտրություններում, սակայն չընտրվեց։ Շրջանառվող լուրերի համաձայն` Նարեկ Բաբայանը շուտով նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Նարեկ Բաբայանի հետ հեռախոսակապ հաստատել չստացվեց, ուստի Aravot.am-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ:
Թե որքանով են հավաստի առաջիկայում Բաբայանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին տեղեկությունները, Կոստանյանը նշեց. «Այս պահին նման քննարկում չկա:» Իսկ թե ինչով է պայմանավորված Բաբայանի՝ մանդատից հրաժարվելը, Վահան Կոստանյանը միայն հետեւյալն ասաց. «Այս պահին նա շարունակում է իր աշխատանքը որպես Սյունիքի փոխմարզպետ»: Հավելենք, որ իր ֆեյսբուքյան էջում Սյունիքի փոխմարզպետը տարածել է պարզաբանում, որում մասնավորապես ասված է.
«Ես՝ Նարեկ Բաբայանս, հայտնում եմ բոլորիդ, որ վայր եմ դրել ԱԺ պատգամավորի մանդատս, որպեսզի մնամ Սյունիքում, աշխատանքս շարունակեմ այստեղ, ուժերիս ներածին չափով աջակցեմ, որ մեր երկրում կատարվող դրական փոփոխություններից Սյունիքը անմասն չմնա: Համոզված եմ, որ միասնական նվիրված աշխատանքով կհասնենք մեծ հաջողությունների հանուն բարեկեցիկ և հզոր Սյունիքի»:
Աղբյուրը՝ aravot.am