Երևանի ավագանու 2017-ի ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում քաղաքացիներին՝ լուսանկարել ու Ֆեյսբուքում տարածել քաղաքային աղբը պատկերող լուսանկարները։
Բավականին համարժեք կոչ էր, որն արժանանում էր մեր համաքաղաքացիների աջակցությանը, որովհետև երևանցիները՝ չնայած «10000 դրամի կոնսենսուսով» իրեց ձայնը տալիս էին ՀՀԿ-ին, բայց իշխանության նկատմամբ անվստահությունն այնքան մեծ էր, որ ընդդիմության նախաձեռնությունների շուրջ տեղի էր ունենում գոնե ակտիվ քաղաքացիների կոնսոլիդացիա։
ՀՀԿ-ն իշխանությունից հեռացավ, սակայն քաղաքային աղբը մնաց իր տեղում՝ մեր քաղաքը վերածելով մի մեծ աղբանոցի։ Նույնիսկ զավեշտը չափ ու սահման ունի։ Մենք գիտեինք ու ժամանակին զգուշացնում էինք, որ Հայկ Մարությանը՝ նրա տակ ձևավորված մեծամասնությամբ, պատուհաս է լինելու Երևանի համար։ Հեղափոխության թիմը ու նրան հետևող հասարակությունը չանսացին ողջամիտ ձայներին։
Հիմա հասարակությունը «վարձահատույց» է լինում իր «կարգին» ընտրության համար, որովհետև աղբի դեմ բողոքող նրա ակտիվ ներկայացուցիչներն արժանանում են հեղափոխական քաղաքային իշխանության ու ավագանու անդամների ծաղրին, հեգնանքին, քննադատությանը։ Ահա՝ ուր կարող է հասնել զավեշտը, երբ Նիկոլ Փաշինյանի կուսակիցները հակադրվում է հենց նրա 2017-ի կոչին։
Երևանի փողքաղաքապետ Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան երեկվա գրառումից հետո քաղաքակիրթ աշխարհում հասարակությունը կպահանջեր քաղաքային իշխանության հրաժարականը։ Անհեթեթությունների նման ծաղկաբույլ հնարավոր չէ տեղավորել մի տեքստի մեջ, դիլենտանտիզմը չի կարելի քողարկել նման բարձրագոչ հայտարարություններով։ Էլ չենք ասում այն մասին, որ փոխքաղաքապետը իրեն թույլ է տվել մարգինալ արտահայտություններ՝ ստվեր գցելով մի ամբողջ թիմի, նույնիսկ հեղափոխության հեղինակության վրա։
«․․․Աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ:
Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը, վստահեցնում եմ, դրա բոլոր նախադրյալները ստեղծել ենք արդեն, կենցաղային խնդիրներն ամենահեշտ լուծվողն են: Ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ, դուք ավելիին եք ընդունակ, դուք հավանաբար ավելի մեծ առաքելություն ունեք, որն աղբամաններից հեռու է:
Չափազանց մանր են այն խնդիրերը, որոնց վրա դուք վատնում եք ձեզ, ու չափազանց կարճաժամկետ, քանզի աղբի, ասֆալտի փոսերի, խցանված դիտահորերի ու փողոցային առևտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու: Հասկացեք, մենք ունենք շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ. անհամաչափ արագ հնացող բնակարանային ֆոնդ, քաղցկեղածին ու անմխիթար էկոլոգիա` բնապահպանական կոլապսով, օր օրի որակազրկվող կրթություն ու դրա հետևանքով դեգրադացված առողջապահություն, տեխնոլոգիական կրիզիս, հսկայի տեմպերով աշխարհից հետ ընկնող տնտեսություն, համատարած դեմոտիվացված անձնակազմեր: Սա ազգային անվտագության խնդիր է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Սարգսյանը:
Չէ, դուք նման տեքստ նույնիսկ վատ երազում պատկերացրե՞լ եք։ Մարդիկ չեն կարողանում կատարել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, մունաթ են գալիս քաղաքային աղբի դեմ խոսող քաղաքացիների վրա ու մտնում են կառավարության գործունեության դաշտ։ Սա նույնիսկ դիլենտանտիզմ չէ, այլ անպատասխանատվության ճչացող դրսևորում, որը Երևանում ծնել է կառավարման այնպիսի լուրջ ճգնաժամ, որով պետք է զբաղվի թերևս Նիկոլ Փաշինյանը։
Աղբահանության կազմակերպումը տապալած Հայկ Մարությանի թիմի առանցքային ներկայացուցիչը ֆեյսբուքյան գրառման մեջ կատարել է խիստ վտանգավոր մի նկատառում՝ պնդելով, թե «հայկական գենը ներդրում է ուզում»:
Սա արդեն նույնիսկ ոչ միայն սոսկ դիլետանտիզմ է, այլ այն ռասիստական, նացիստական փաթեթավորմամբ քողարկելու փորձ։ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմի ևս մեկ-երկու ներկայացուցիչներ հանդես գան մտքի նման «գոհարներով», հայկական գենի մասին հիշատակումներով, ապա պարզ է, թե ում և պատմական որ շրջանի հետ կարող է համեմատվել Հայաստանի գործող իշխանությունը։
Փոխքաղաքապետի ամբարտավան գրառմանը հետևեցին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նույնաբովանդակ գրառումները, որոնցից կարելի էր եզրակացնել, թե սովորական կենցաղային աղբը կարող է ունենալ քաղաքական ծագում․ ասենք՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում աղբի թեման կարելի էր բարձրացնել, որովհետև այն «հակահեղափոխական» էր, իսկ այսօր քաղաքը ողողած աղբն այն «գեղեցկացնում» է, որովհետև «հեղափոխական» է։
Սակայն՝ եթե դուրս գանք քաղաքական սատիրայի հարթությունից, ապա ակնհայտ է, որ Հայկ Մարությանի քաղաքապետությունը «կարգին» ֆիասկո է ապրում, սակայն ամենամեծ ողբերգությունն այն է, որ 82%-ոց մեծամասնությունը գորշ ու ամորֆ է ու իր շարքերում չունի խարիզմատիկ մեկին, որով հնարավոր լինի փոխարինել գործող քաղաքապետին։
Աղբյուրը՝ 1in.am