Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն աշխատանքից տուն է գնում միայն այն ժամանակ, երբ կինը սպառնում է ամուսնալուծվել:
Տանը նա ինքն է վերանորոգում տեխնիկան, ստուգում ջրի խողովակաշարերը և այլն. «Լավագույնը ես եմ անում, ու՞մ վստահեմ»,- նշում է նա:
Իրավաբան.net-ը 2018 թվականն ամփոփել է նախարարի պաշտոնակատարի հետ, իմացել նրա նախասիրությունների, ընտանիքի, խոհանցում ունեցած հմտությունների մասին, լսել արդարադատության ոլորտում կատարված աշխատանքի վերաբերյալ նրա գնահատականն ու կարծիքը:
– Պարոն Զեյնալյան, ինչպե՞ս կգնահատեք 2018 թվականը Հայաստանի համար: Իրավական ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք:
– 2018 թվականը պատմական տարի կարելի է բնութագրել, այն շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ: 2018 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն, որը երկար տարիներ, տասնամյակներ ակնկալում էինք, երազում
էինք և չէր ստացվում ընտրությունների միջոցով իրականացնել: Դա տեղի ունեցավ հեղափոխության միջոցով: Սա, հիրավի, կարելի է ասել, դարակազմիկ իրադարձություն էր Հայաստանի ժողովրդի կյանքում:
Իրավական առումով ինչպիսի ձեռքբերումներ ունեցանք: 2018 թ-ի ընթացքում ՀՀ-ում տեղի է ունեցել երկու խոշոր ընտրություններ, սրանք միաժամանակ և՛ իրավական, և՛ քաղաքական իրադարձություններ են. Երևան քաղաքի ավագանու ընտրությունները նախ տեղի ունեցան, այնուհետև խորհրդարանի արտահերթ ընտրությունները, և այս ընտրությունների արդյունքների նկատմամբ կա համընդհանուր հավատ և վստահություն, որ դրանք արտահայտում են ժողովրդի իրական կամքն ու պատկերը: Սա կարող եմ համարել ամենամեծ իրավական ձեռքբերումը 2018թ-ին:
-Հեղափոխությունից հետո Դուք նշանակվեցիք արդարադատության նախարարի պաշտոնում, ի՞նչ տվեց Ձեզ այս պաշտոնը:
– Պաշտոնը ինձ ոչինչ տալ չի կարող: Պետք է ես կարողանամ տալ այն պաշտոնին, որը ես զբաղեցնում եմ: Սա ծառայություն է, որին ես անցել եմ և պիտի ձգտեմ և ձգտում եմ առավելագույնս նվիրումով ծառայել պետությանը և ժողովրդին:
Ամբողջությամբ՝ Իրավաբան.net