Տիգրան Մուկուչյանը որոշեց` երբ կգումարվի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։
ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին, ժամը 10։00–ին։ Այս մասին այսօր ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` հիշեցնելով, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը որոշելու իրավասությունն օրենքով վերապահված է ՀՀ ԿԸՀ նախագահին։
Հիշեցնենք` ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն` ԱԺ–ի նոր նստաշրջանը պետք է հրավիրվի «նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին»։
Քանի որ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ–ն վերջնական արդյունքները հրապարակել էր դեկտեմբերի 17–ին, ապա դրան հաջորդող երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31-ն էր` ոչ աշխատանքային օր։
Հաջորդ երկուշաբթին` հունվարի 7-ը, նույնպես ոչ աշխատանքային էր, հետևաբար, ԿԸՀ–ին մնում էր նիստը նշանակել դրան հաջորդող երկուշաբթի օրը` հունվարի 14-ին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am