Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ առկա դաշնակցային կապերը բխում են երկու եղբայրական ժողովուրդների շահերից ու համահունչ են տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ձգտմանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Կրեմի պաշտոնական կայքից:
Նամակում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության, մշակութային ու հոգևոր կապվածության հիմքերի վրա: Պուտինը վստահություն է հայտնել, որ առկա դաշնակցային կապերը, կառուցողական համագործակցությունն ու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում գործընկերային փոխգործակցությունը բխում են երկու եղբայրական ժողովուրդների շահերից ու համահունչ են տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ձգտմանը. նա համոզմունք է հայտնել, որ հետագայում դաշնակցային կապերն էլ ավելի կխորանան:
Նշենք, որ Պուտինը շնորհավորական նամակներ է հղել նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Բրազիլիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների առաջնորդներին ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին:
Աղբյուրը՝ armeniasputnik.am