Ընտրության արդյունքները հազիվ ամփոփած, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեկտեմբերի 20-ին շրջանառության մեջ դրեց կառավարության օպտիմալացման, ավելի հստակ՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայն որի՝ գործող 17 նախարարություններից մշակույթի, սփյուռքի, սպորտի ու երիտասարդության, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները կրճատվում են, միանալով այլ նախարարությունների: Սփյուռքի նախարարությունը վերանում է, բայց սրա որոշ գործառույթներ փոխանցվում է արտաքին գործերին: Մշակույթի և սպորտի նախարարությունները միավորվում են ու տեղավորվում կրթության ու գիտության տանիքի տակ:
Գյուղատնտեսության նախարարությունը տեղավորվում է տնտեսական զարգացման նախարարության կազմում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ դառնում է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն։ Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին արագ ուսումնասիրել նախագիծն ու կարծիք հայտնել: Սպասվում է, որ կառավարության այս ձեռնարկը նորընտիր ԱԺ-ի առաջնահերթ քննարկվելիք հարցերից կլինի: Բայց մինչ հարցի առնչությամբ կարծիքները կներկայացվեն, ու ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության գերռիսկային այս ձեռնարկումը, մամուլում տեղեկություններ են սպրդել, որ չնայած նախագծի հրապարակմանը, վարչապետի աշխատակազմում «չեն կողմնորոշվում» իրենց իսկ նախաձեռնած կառուցվածքային բարեփոխումների հարցում, վախ ունենալով, որ շտապել են, ինչի արդյունքում կարող է կազմալուծվել պետական կառավարման ամբողջ համակարգը: Կառավարության անհանգստությունը տեղին է: Ի վերջո, փորձ է արվում կյանքի կոչել աննախադեպ ձեռնարկ, որն ուղղակիորեն հարվածելու է հազարավոր մարդկանց (հետևաբար նաև ընտանիքների), պոտենցիալ գործազուրկ դարձնելով նրանց, բայց, որ ավելի վտանգավոր է, փորձ է արվում հընթացս վերափոխել կառավարման մեքենան, ինչի ձախողման հավանականությունը համեմատական չէ հաջողելու հնարավորության հետ: Սա արդեն ոչ թե մտորելու, այլ անհանգստանալու տեղիք է տալիս:
Որ պետական կառավարման գերուռճեցված համակարգը աշխատում է նվազագույն արդյունավետությամբ, միանշանակ է: 1995-ից գյուղնախարարությունը մշակում է «խաղող ծրագիր», որ նույնն է, թե խաղողագործության զարգացման ռազմավարություն: 2016-ին, 20 տարի անց ծրագիրը վերջնականապես պատրաստ էր և պետք է ներկայացվեր կառավարության հաստատմանը: Այն մինչ օրս չի ընդունվել: 2009-ին ընդունվեցին կառավարության պատվերով «Ի Վի Կոնսալտինգ» ընկերության կողմից մշակված տնտեսության 11 առաջնային ոլորտների զարգացման ռազմավարությունները: Սրանց թվում՝ գինեգործության ու կոնյակագործության զարգացման ռազմավարությունները: Համաձայն ոլորտի զարգացման համար ուղենիշ ընդունված այդ ռազմավարության՝ մինչև 2015-ը պետք է հանրապետությունում գինեգործությանը հումք մատակարարող 800 հա խաղողի այգի հիմնվեր: Մինչ օրս ոչ մի հա այգի չի հիմնվել, որովհետև դրա համար անհրաժեշտ էր, որ գյուղնախարարությունը, ուսումնասիրելով հնարավորությունները, մշակեր համապատասխան ծրագիր: Այն այդպես էլ չի մշակվել: 2012-ին, կառավարության հանձնարարությամբ, գյուղնախն ու հարկային պետական ծառայությունը նախաձեռնեցին հաշվառելու հանրապետությունում եղած 58 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող գյուղացիական տնտեսությունները: Համատեղ մի քանի աղմկոտ ասուլիսներից հետո ամեն ինչ վերջացավ, ոչ մի հաշվառում էլ չիրականացվեց: Նման օրինակները անվերջ են, նաև մյուս գերատեսչություններում: Նախարարությունները պետք է մշակեն իրենց ոլորտների զարգացման ռազմավարությունները, մարտավարությունները, հստակեցնեն իրենց մշակածները կյանքի կոչելու ուղիները և այդպես շարունակ:
Սա է գոյության իմաստը, որ երբեք չեն իրականացրել: Եթե այս տարիներին էլ ինչ-որ բան արվել է, ապա Համաշխարհային բանկի, Զարգացման Ասիական բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կամ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD), ՅՈւՆԵՍԿՕ-ի ու մյուս միջազգային կառույցների ֆինանսավորմամբ, իրենց իսկ մասնագետների կողմից, մերոնց մասնակի ներգրավմամբ: Հաճախ էլ այնպիսի մակարդակով, որ Մակեդոնիայի համար մշակված գյուղատնտեսության զարգացման ինչ-որ ծրագիր, որ հետո «տեղայնացնում» էին Հայաստանում, հարկ չէին համարել անգամ երկրի անունը փոխել ու «ծրագրի» որոշ էջերում Մակեդոնիա էր նշվում, որոշներում՝ Արմենիա: Մոտավորապես այդպիսին է մեր նախարարությունների գործունեության իրական պատկերը: Հետևաբար` սրանք պետք է հիմնովին վերակառուցվեն: Բայց հարցն այն է, որ նույն կերպ գերուռճեցված ու գործնականում ոչինչ չանող է նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը, մարզպետարանները, որոնցից յուրաքանչյուրն իր աշխատակազմով նախարարություն է, որի աշխատակիցների ավելի քան 80%-ի աշխատանքի արդյունավետությունը զրոյական է: Նույն իրավիճակն է քաղաքապետարաններում ու գյուղապետարաններում: Բազմաթիվ համայնքապետեր, որոնց հետ քննարկվել է այս թեման, միակարծիք են, որ 5-6 աշխատակցի պարագայում համայնքապետարանը կապահովի ավելի մեծ արդյունավետություն, քան ներկայիս 15-20 հոգիանոց աշխատակազմով, երբ իրականում հնարավոր էլ չի լինում ֆունկցիաները հստակեցնել, որովհետև այդքան անելու բան չկա:
Այս պարագայում հարց է առաջանում, Փաշինյանի կառավարությունը տեղական ինքնակառավարման համակարգի օպտիմալացում նախատեսում է, թե այս նախագծով ամեն ինչ վերջանալու է: Եթե ոչ, ինչո՞ւ, եթե այո՝ ինչո՞ւ գործընթացը չսկսվեց տեղական համակարգից, որում մեխանիզմները համեմատաբար ավելի պարզ են, աշխատակիցների թիվն ավելի փոքր, ինչը հնարավորություն կտար փորձ ձեռք բերելու և հետագայում մի շարք հարցերում ավելի ճիշտ կողմնորոշվելով՝ հնարավոր սխալներից խուսափել:
Մյուս կողմից, տրամաբանությունը հուշում է, որ օպտիմալացում սկսելուց, առավել ևս ծրագիր ներկայացնելուց առաջ պետք է միջազգային ու տեղական փորձագետների, կառավարության համապատասխան մասնագետների համատեղ ուժերով իրականացվեր ամբողջ կառավարման համակարգի գործունեության արդյունավետության ուսումնասիրություն, որի արդյունքներից ելնելով միայն ծրագիր մշակվեր, առաջիկա մի քանի տարիների ընթացքում, աստիճանաբար բարեփոխելու, բարձրացնելու նախարարությունների ու մյուս ստրուկտուրաների գործունեության արդյունավետությունը: Դա հնարավորություն կտար «ավելորդ» աշխատակիցների անցավ հեռացման ու, որ ամենակարևորն է, կառավարման համակարգի անցնցում բարեփոխման: Եվ շատ կարևոր է նաև ուսումնասիրել, թե ինչի արդյունքում են նախարարությունները դարձել ժանգոտած, կենսական հարցեր լուծելու անընդունակ մեխանիզմներ: Միանշանակ, պրոֆեսիոնալիզմի բացակայության: Բոլոր այս տարիներին, որպես հստակ գործող օրինաչափություն, նախարարներ են նշանակվել հիմնականում ոչ պրոֆեսիոնալներ, պատահական մարդիկ: Շղթայական ռեակցիայի սկզբունքով այդ գործընթացն իջել է ավելի ներքև:
Պարոն Փաշինյանի, գոնե առաջին կառավարության կադրային քաղաքականությունը, գրեթե ոչնչով լավը չէր նախկիններից: Հետևաբար, եթե, իրոք, տեղի ունեցողի նպատակը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, ապա պետք է խորքային ուսումնասիրություն անցկացնել համակարգում, օգտվել աշխարհում եղած մեր նման երկրների փորձից ու այդ ամենի վերլուծում-համադրումից հետո միայն կառավարման օպտիմալացման ծրագիր մշակել: Իսկ եթե նպատակն ընդամենը մի քանի տասնյակ մլն դոլար խնայելն է, ապա ամեն ինչ ճիշտ է արված:
Աղբյուրը՝ 1in.am