Առաջիկա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ դիտարկումներում գերակշռում է կարծիք, որ հիմնական զարգացումները տեղի են ունենալու արտախորհրդարանական դաշտում: Այստեղ թերևս նկատի է առնվում այն, որ խորհրդարանում կա բացարձակ մեծամասնություն, իսկ մյուս երկու ուժերն էլ՝ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», արմատական ընդդիմություն չեն, դիրքորոշվել են հեղափոխությանը աջակցության տիրույթում և չեն կարող համոզիչ ընդդիմություն լինել հանրության համար:
Այստեղ իհարկե հարց է ծագում, թե հասարակության համար ո՞ր ուժերը կարող են համոզիչ ընդդիմություն լինել արտախորհրդարանական դաշտում: Եվ իհարկե առանցքայինն այս դեպքում նաև այն է, թե ինչ ասել է համոզիչ ընդդիմություն կամ իրական ընդդիմություն, հավաստի ընդդիմություն: Օրինակ՝ նախօրեին Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» դաշինքի և «Լույս» խմբակցությունների միջև տեղի ունեցած բանավեճը, իսկ որոշ դրվագներում էլ՝ լեզվակռիվը, համոզի՞չ դրվագ էր, թե՞ ոչ: Առաջին հայացքից թվում է, որ հասարակությանը հենց այդօրինակ ընդդիմությունը կամ ընդդիմադիրությունն է համոզում: Բայց այդ տեսանկյունից էլ երևի թե դժվար է լինել ՀՀԿ-ից կամ Ռոբերտ Քոչարյանից ու նրա համախոհներից «համոզիչ»:
Եվ այստեղ իհարկե հարց է ծագում՝ դա՞ պետք է լինի ընդդիմության չափանիշը կամ չափորոշիչը, դրանո՞վ պետք է համոզվի հասարակությունը, ու ինչի՞ է բերելու համոզումների այդ նշաձողը: Դրա՞ վրա է կառուցվում զարգացումների հիմնական վեկտորը արտախորհրդարանական դաշտում տեսնելու տրամաբանությունը, որ այնտեղ ավելի շա՞տ են, այսպես ասած, արմատական կամ կոշտ դիրքավորման «բնական նախադրյալները»: Իսկ ո՞վ է չափել՝ այդօրինակ «համոզիչ ընդդիմությունը» իշխանությանն ավելի ուժեղացնո՞ւմ է, թե՞ ոչ:
Բանն այն է, որ, օրինակ, ընդդիմության այդ նշաձողերն ու չափանիշները ուժեղացնում էին անգամ նախկին՝ ոչ լեգիտիմ, հանրային իշխանությունից զուրկ իշխանությանը: Վերջին տարիներին տեղի էր ունենում հենց այդ հակադարձ էֆեկտը, և այդ նշաձողերն ու բնույթը ընդդիմություններին ոչ թե համոզիչ էին դարձնում, այլ հակառակը՝ սկսել էին չհամոզել հասարակությանը: Ու դա անգամ ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում:
Լեգիտիմ իշխանության պարագայում այդօրինակ ընդդիմադիր նշաձողերը առավել ևս լինելու են ոչ համոզիչ: Եվ սրանով հանդերձ էլ առաջանում է այն գնահատականների համոզչականության հարցը, որոնք ներկայացվում են հանրությանը՝ զարգացումների հիմնական դաշտ դիտարկելով արտախորհրդարանական միջավայրը: Սա իհարկե չի նշանակում, թե հիմնական զարգացումները լինելու են խորհրդարանական միջավայրում, և դա կանխորոշված է:
Խնդիրն էլ հենց այն է, որ նոր իրավիճակում սկզբունքորեն պետք է գալ քաղաքական զարգացումների գնահատման լիովին նոր ելակետի, որտեղ դաշտերի բաժանումը պետք է գնահատել զուտ որպես պայմանականություն, որովհետև խորհրդարանը կամ արտախորհրդարանը քաղաքական համակարգից բխող եզրույթներ են, և մինչ դրանցից մեկնումեկը հիմնական զարգացումների դաշտ դիտարկելը՝ մենք պետք է ունենանք նախ այդ քաղաքական արդիական համակարգը: Դրանից արդեն կբխի խորհրդարանական և արտախորհրդարանական տիրույթների քաղաքական իրողություններում առկա տրամաբանությունը՝ գնահատելու համար, թե դրանցից որն է լինելու ավելի կարևոր ու արդիական:
Աղբյուրը՝ 1in.am