Կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ամենամեծ վերապահումը կապված է սուպերվարչապետության հետ։ «Ելք» խմբակցությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2017-ին պահանջում էր ՀՀԿ-ից այդ համակարգի վերացումը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առաջնային է սուպերվարչապետության վերացումը. «Եթե հիշում եք՝ այն ժամանակ հենց մենք անունը դրեցինք սուպերվարչապետական և այն ժամանակ վարչապետ Փաշինյանի հետ միասին էինք պայքարում (Փաշինյանը «Ելք» խմբակցության ղեկավարն էր- խմբ.), և հիմա շատ հիասթափեցնող է նրա մոտեցումը այդ սուպերվարչապետական համակարգը պահպանելու իմաստով»։
Գորգիսյանն ընդգծեց. «Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել և ունենալ։ Եթե ուզում ենք փոփոխությունների ռեալ մեխանիզմով ժողովրդավար երկիր, ապա սուպերվարչապետական համակարգով դա ոչ մի կերպ հնարավոր չի լինի»։
2017 թվականի մայիսի 30-ին «Ելք» խմբակցությունը, դիմելով այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին, նաև նշել էր, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հարկային և մաքսային ծառայությունները դառնան նախարարություններ և հաշվետու լինեն ԱԺ-ին։ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ողջ գաղափարն այն է, որ չլինեն վարչապետին կամ կառավարությանը ենթակա առընթեր կառույցներ. «Բոլոր կառույցները պետք է հաշվետու լինեն Ազգային ժողովին։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գալիս են նախարարներ, գալիս է վարչապետը… նրանք փաստացի ոլորտի պատասխանատուներ չեն, բայց նրանց կարող ես ուղղել հարցերը, և մեծ հաշվով գոնե հրապարակային նրանք չեն կարողանում ներքաշվել այդ բանավեճի, հարցուպատասխանի մեջ։ Սահմանադրությամբ սահմանված է, որ Ազգային ժողովը գործադիրի նկատմամբ վերահսկողության հնարավորություն ունի, բայց նման մոտեցմամբ այդ լիազորությունները թուլացվում են»։
Գևորգ Գորգիսյանը նշեց՝ նախկինում «Ելք» խմբակցության գործունեության ժամանակ մշակված մոտեցումները այսօր էլ մնում են ԼՀԿ-ի օրակարգում. «Մենք մեր մոտեցումներից չենք շեղվում. այն, ինչ երբևէ բարձրաձայնել, առաջարկել ենք, հիմա էլ դրա տերն ենք»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծում է՝ օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ միայն կառավարությունը կարող է ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ նախագիծ. «Ազգային ժողովում առկա խմբակցությունները այդ նախագծում փոփոխություններ իրականացնելու առաջարկություններ կարող են անել։ Մենք այդ առաջարկները հիմա պատրաստում ենք և անպայման կանենք»,- եզրափակեց նա։
Աղբյուրը՝ 1in.am