Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ կփոխարինի Սասուն Միքայելյանին

Թերթը պարզել է, որ հաջորդ տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով ու վարչության նիստ կանցկացնի։

 Եկող տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրելու է համաժողով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Բանն այն է, որ կուսակցությունը, լինելով իշխող ուժ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն և կազմելով ողջ կառավարությունը, խնդիր ունի առավել շատ մարդկանց ընդգրկել վարչության կազմում: Համաժողով հրավիրելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ ժամկետների հետ կապված դեռևս որոշակիություն չկա»,– նշված է հոդվածում:

Թերթի աղբյուրները նաև պնդում են, որ համաժողովից հետո կհրավիրվի վարչության նիստ, որին կուսակցության կանոնադրությամբ վերապահված է վարչության նախագահի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նորընտիր վարչությունը վարչության նախագահ կընտրի Նիկոլ Փաշինյանին:

«Այդպիսով, ըստ էության, պաշտոնապես կամրագրվի Փաշինյանի՝ կուսակցության իրական ղեկավար լինելու փաստը»,– գրում է պարբերականը` հիշեցնելով, որ հիմա ՔՊ վարչության նախագահը Սասուն Միքայել յանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչության անդամ է:

ՔՊԿ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը նշել է, որ «տեսականորեն դա հնարավոր է», սակայն այս պահին դեռևս այդ թեմայով որևէ քննարկում չի եղել»: