Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առաջին անգամ խորհրդարանի ընտրության արդյունքը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, հայտարարել է, որ ՍԴ չեն դիմել՝ պարզապես որոշելով «չմխտռել» ընտրության արդյունքը:
Այդ բնորոշումն օգտագործել է ՀՀԿ փոխնախագահը, ինչը հնարավոր է բնութագրել իբրև բավականին համարձակ և անկեղծ ու դիպուկ բնորոշում: Բնորոշում ոչ միայն խորհրդարանի ընտրության առնչությամբ արվող մեկնաբանությունների, այլև ընդհանրապես ներքաղաքական առաջիկա գործընթացի համատեքստում: ՀՀԿ փոխնախագահը կամա թե ակամա արձանագրել է քաղաքականության մեջ առնվազն առաջիկա տարիներին ՀՀԿ ակտիվ դերակատարման «գործառույթը», կամա թե ակամա «գործառույթը»:
Ակտիվ քաղաքականության մեջ ՀՀԿ դիրքավորումները գործնականում կրելու են Հայաստանի ներքաղաքական կյանքը «մխտռելու», այսպես ասած, առաքելություն՝ արգելափակելով ներքաղաքական դիսկուրսի որևէ արդիականացում և անընդհատ պահելով, այսպես ասած, ծայրահեղությունների տրամաբանությունը: Իհարկե, դա չի լինի այն ուժգնությամբ ու ազդեցությամբ, ինչ նախորդ յոթ ամիսների և ընտրական երկու փուլերի ընթացքում, սակայն այդուհանդերձ ՀՀԿ ակտիվությունը նշանակելու է քաղաքականության արդիականացման միտված գործընթացների դանդաղեցում: Սա էլ իր հերթին ամենևին չի նշանակում, որ ՀՀԿ պասիվությունը կամ ընդհանրապես գործունեության դադարեցումը ինքնաբերաբար կամ, ինչպես ասում են, ինքնըստինքյան արագացնելու է արդիականացումը: Դա կախված է այն բանից, թե նախ՝ իշխանությունը որքան արագ կկատարի արդիականացման ինստիտուցիոնալ հենքն ապահովելու կոչված օրենսդրական վերափոխումներ, հասարակությունն ինչքանով պահանջատեր կլինի այդ հարցում, և ինչքանով կենսունակ կլինեն քաղաքական նոր ուժերը հանրությանը քաղաքական արդիականացման շատ կոնկրետ և համոզիչ նախագծեր առաջարկելու հարցում:
Այսինքն՝ անկասկած է որ հաջողության հեռանկարը կախված է համալիր քայլերից՝ իհարկե իշխանության առաջնային պատասխանատվության ներքո, քանի որ այստեղ է լծակների ահռելի մասը:
Բայց, դրանով հանդերձ, ՀՀԿ ակտիվ միջամտությունը քաղաքական գործընթացներին, հատկապես այն «միակ ընդդիմադիր» տրամաբանությամբ, որով Հանրապետականը մասնակցեց արտահերթ ընտրությանն ու ընդհանրապես անցկացրեց վերջին երկու-երեք ամիսը, էապես արգելակելու է առնվազն նոր միջավայրի հաստատման և բյուրեղացման գործընթացը: Իսկ ՀՀԿ հետընտրական պահվածքը՝ իհարկե նախընտրականի համեմատ որոշակի պասիվությամբ, այդուհանդերձ իր տրամաբանությամբ ամենևին չի զջիում նախընտրականին, հետևաբար չի փոխվելու նաև ՀՀԿ դերակատարման ազդեցությունը:
Ահա այդ տրամաբանության մեջ է, որ կուսակցության փոխնախագահ Աշոտյանը կամա թե ակամա տվել է իրենց քաղաքական միավորի ներքաղաքական առաքելության դիպուկ բնորոշումը, համենայնդեպս՝ առաջիկա տարիների համար:
Աղբյուրը՝ 1in.am