Քաղաքական դաշտում՝ «աջապսանդալ»․ երբ կգա գաղափարախոսությունների ժամանակը

Արտահերթ ընտրությունների նախապատրաստման ժամանակահատվածը քիչ էր, հասարակական տրամադրություններն էլ ամենաբարենպաստը չէին իրական գաղափարական պայքար տանելու համար։ Այս իրավիճակում բարդ է ասել, թե քաղաքացիների քանի տոկոսն է գնացել ընտրության՝ այս կամ այն քաղաքական ուժի գաղափարական ուղղվածությունը հաշվի առնելով։ Նույնիսկ հիմա՝ ընտրությունների ավարտից հետո բարդ է ասել, թե խորհրդարանում տեղ գտած ուժերը, ինչու չէ նաև արտախորհրդարանական ուժերն ինչ գաղափարախոսություն ունեն։

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը գտնում է, որ օր առաջ անհրաժեշտ է ձևավորել հզոր ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ։ Այս հրամայականը, ըստ Ղազինյանի, առավել արդիականություն է ձեռք բերում նախ և առաջ Հայաստանում այս տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և դրանց արդյունքում ձևավորված իրողությունների համատեքստում։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ կուսակցության գաղափարախոսություն ասելով՝ շատերը պատկերացնում են դասագրքային քաղաքական գաղափարախոսություն, ինչն իրականությանը չի համապատասխանում։ «Այդ դասագրքերից մեծ մասը արևմտյան ուսումնական հաստատություններում են դասավանդվել ու թարգմանվել ռուսերեն կամ հայերեն։ Ուստի, երբ շատերն ասում են՝ մեզ պետք է այս կամ այն գաղափարայնության կուսակցություն, նկատի ունեն դասագրքային գաղափարախոսությունը, որն իրականության հետ աղերս չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանն ընդգծեց. «Ճիշտ է՝մենք դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո հասել ենք մի ժամանակաշրջանի, երբ Հայաստանում քրեաօլիգարխիկ կառավարման համակարգն իր տեղը զիջել է դասական քաղաքականության կանոններին, բայց պետք է որոշ ժամանակաշրջան անցնի, որպեսզի արևմտյան գաղափարախոսական հասկացություն ունենանք։ Բացի դրանից՝ մենք այս պահի դրությամբ Ազգային ժողովում ընդամենը երեք գաղափարախոսություն ենք տեսնում. «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կերպարը՝ որպես ուժեղ կերպար ու հրաշագործ անձ, ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հրաշագործ անձի գաղափարախոսություն և «Լուսավոր Հայաստանի» գաղափարախոսությունը՝ չափավոր արևմտամետ գաղափարախոսություն»։

Մեր զրուցակիցը նշում է՝ Հայաստանի քաղաքական կյանքը սրանով չի բավարարվում և զարգացումները բերելու են նրան, որ մենք կամաց-կամաց նոր գաղափարախոսությունների կարիք կունենանք. «Օրինակ՝ ազգայնական գաղափարախոսությունը։ Այն ուժերը, որոնք չմտան խորհրդարան՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Սասնա ծռերը», բայց իրենց համարում են ազգայնական ուժեր, չնայած առաջին երկուսը դրա հետ կապ չունեն, նրանց մոտ դա ձևական բնույթ է կրում։ Կարծում եմ՝ դրա կարիքը կա և ապագա խորհրդարանում մենք կունենանք»։

Արմեն Բադալյանի խոսքերով՝ առաջիկայում ամրապնդվելու է արևմտամետ գաղափարախոսությունը. «Եվ ինչքան որ քաղաքականությունը իր դասական կանոններով ամրապնդվի, այնքան լիդերությունը՝ Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, ինքնըստինքյան մարելու են և նրանց տեղը գալու է իրական արևմտյան գաղափարախոսությունը։ Այո՛, մենք կարիք ունեք ձախ գաղափարախոսության, բայց դրա պահանջը չկա, որովհետև աշխատավոր զանգվածը Հայաստանում նման չէ նույն հասկացությամբ Արևմուտքի զանգվածին։ Այսինքն՝ կան գաղափարախոսություններ, որոնց կարիքը հետագայում զգացվելու է»։

Ըստ նրա՝ ցենտրիստական գաղափարախոսություն առհասարակ գոյություն չունի. «Կան ձախեր, ազատականներ ու պահպանողականներ։ Կենտրոնամետությունը գաղափարախոսություն չէ, կուսակցության դիրքորոշումն է այս կամ այն հարցի վերաբերյալ, դա կուսակցության դիրքն է ոչ թե գաղափարախոսություն»։

Միևնույն ժամանակ Արմեն Բադալյանը չի կարծում, թե հայաստանյան հասարակությանը գաղափարախոսությունները շատ են հետաքրքրում. «Գուցե անցնի 10 կամ 15 տարի, հետաքրքրի՝ դա կախված է նրանից, թե ինչ տրանսֆորմացիայի կենթարկվի տնտեսությունը»։

Պատմաբան Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Հայաստանում կուսակցական շինարարությունն ավարտված չէ, և քաղաքական դաշտը կարելի է մի խոհարարական արտահայտությամբ բնութագրել՝ «աջապսանդալ»։ «ԱԺ ընտրությունները ոչինչ չփոխեցին այդ առումով, ո՛չ աջակողմյան, ո՛չ ձախակողմյան, ո՛չ էլ ցենտրիստական ուժերի բանավեճ տեսանք։ Հիմնականում անձնական վիրավորանքների, կոմպրոմատների հիման վրա էր ընթանում քարոզարշավը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Համբարյանն ընդգծեց. «Ուրախ կլինեմ, որ Հայաստանում ձևավորվելիք քաղաքական ուժերը հասարակությանը ներկայացնեն իրենց գաղափարախոսությունը։ Հայաստանի քաղաքական դաշտը կարիք ունի գրագետ գործընթացների։ Ես կողջունեմ այն քաղաքական ուժերի ի հայտ գալը, որոնց նպատակը չէ ինչ-որ կարճաժամկետ ապագայում պաշտոն ստանալ ու վայելել այդ պաշտոնները»։

Մեր զրուցակիցը նաև նշում է՝ այս պահի դրությամբ հասարակությանը քաղաքական ուժերի գաղափարախոսությունը չի հետաքրքրում. «Ընդամենը մի քանի օր առաջ են եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ես չեմ կարծում, թե հետհեղափոխական էյֆորիկ վիճակում նորաստեղծ ուժերը կարող են մեծ դիրքերի հասնել։ Իհարկե լավ է, որ հիմա են ձևավորվում և ոչ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ, բայց հասարակության ուշադրությունը հիմա ավելի շատ սևեռված է նորաստեղծ Ազգային ժողովի, ձևավորվելիք կառավարության վրա»։

Աղբյուրը՝ 1in.am