ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ մեկնաբանել է Բելառուսի նախագահի վերջին հայտարարությունները։
Ես բավարարված եմ այդ խոսակցությունից ու ասվածին ավելացնելու ոչինչ չունեմ։ Այսօր, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցին ու դրան հետևած հայտարարություններին, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Լուկաշենկոն ասում է` ես այսպես ասացի, այսպես ասացի, բայց չի ասում, թե ես ինչ ասացի։ Դեկտեմբերի յոթին, երբ վերադարձել եմ, լրագրողներն ինձ հարցրել են` եղե՞լ է խոսակցություն։ Ես ասել եմ` եղել է, բայց կոռեկտ չեմ համարել բացահայտել դռնփակ նիստում տեղի ունեցած խոսակցությունները։ Բայց վերջում ես նշել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից։ Հիմա էլ եմ պնդում, որ բավարարված եմ ու այն շարունակելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Եթե կան մարդիկ, ովքեր այդ խոսակցությունից բավարարված չեն, պետք է դեռ երկար դրա մասին խոսեն»,– ասել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի հիշատակած զենքի վաճառքի խնդրին, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ պարբերաբար ՌԴ նախագահի հետ հանդիպումներում այդ խնդիրը բարձրացրել է։
«Ես ձեզ հավատացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի բարձրացրած բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, և ես անկեղծ ասած տպավորություն ունեի, թե պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններից, և իմ կարծիքով` բոլոր ներկաներն այդպիսի տպավորություն ունեին։ Թե հետո ինչ է փոխվել, չեմ կարող ասել»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է բացատրություն պահանջել Բելառուսի նախագահ` Ալեքսանդր Լուկաշենկոյից և Ղազախստանի նախագահ` Նուրսուլթան Նազարբաևից` ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի վերաբերյալ նրանց արտահայտությունների համար։ Բանն այն է, որ Լուկաշենկոն ավելի վաղ Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովին բացահայտել էր Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած փակ քննարկման մանրամասները, իսկ Նազարբաևը ՀԱՊԿ–ի գագաթնաժողովի արդյունքներով ասել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։
Դեկտեմբերի 6-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին հայտարարեց, որ կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ, այն կարող է լինել «Բելառուսի ներկայացուցիչը»։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հերքել է Բելառուսի առաջնորդի խոսքերը, ասելով, որ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ։ Նրանից հետո նմանատիպ մեկնաբանություն արեց նաև Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո։
Հայրենիքում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am