Սերգեյ Լավրովի հայտարարությունը բազմաթիվ լրատվամիջոցներ խեղաթյուրված ձեւով էին ներկայացրել: ՌԴ արտգործնախարարը խոսել է լաբորատորիաների մասին, սակայն լրատվամիջոցներում տեղեկատվությունն այնպես է ներկայացվել, կարծես խոսքը ենթադրյալ ռազմական բազայի մասին է:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը:
«Խոսքը լաբորատորիաների մասին էր, իսկ լրատվամիջոցներում հրապարակումները այնպիսի տպավորություն էին ստեղծում, որ խոսքն օտարերկրյա զորքերի մասին է եւ ռուսական կողմն անհանգստացած է Հայաստանում դրանց տեղակայման հեռանկարով: Մենք պետք է սովորենք տեղեկատվության սեփական աղբյուրներով առաջնորդվենք եւ դա բոլոր հարցերին է վերաբերում, հայ հասարակությունը շատ հեշտ է ապատեղեկատվությունն ընդունում:
Շատ բան է խոսվում ղարաբաղյան հարցի փոփոխությունների մասին, Ալիեւի հռետորաբանությունը մեղմացել է, սահմանապահների տեղակայման մասին խոսակցություններ են գնում: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ տեղեկատվությունը դրսից է գալիս: Մենք պետք է մեր տվյալներով առաջնորդվենք: Օրինակ՝ պետք է հաշվի առնել այն, թե ինչպես է փոխվել Ադրբեջանի ռազմական բյուջեն, ինչ բանակցություններ են ընթանում այս կամ այն տեսակի զենքի գնման համար, շարունակվող զանգվածային զորավարժությունները, արդյոք նրանք ընդհանրապես հրաժարվել են ռազմական հռետորաբանությունից», – ասաց նա:
Թեւան Պողոսյանը նաեւ նշել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձեւը հնարավոր է կիրառել, ըստ դրա, անհրաժեշտ է պարզել, թե ինչ զիջումների է պատրաստ Բաքուն, ապա խոսել այն մասին, թե ինչ զիջումների ենք պատրաստ մենք:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Մոսկվան եւ Երեւանը ավարտում են փաստաթղթի պատրաստումը, որը երաշխավորում է Հայաստանի տարածքում օտարերկրյա ռազմական բիոլաբորատորիաների բացակայությունը:
Աղբյուրը՝ armtimes.com