Խորհրդարանում իրարանցում է: Մի կողմից ավարտին է հասել մի քանի ամիս տեւած սանհանգույցների շինարարությունը, մյուս կողմից էլ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորները դատարկում են իրենց աշխատասենյակները: Մի քանի օրից այդ աշխատասենյակները կզբաղեցնեն 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները:
Մասնավորապես, երեկ՝ դեկտեմբերի 18-ին, մեր՝ խորհրդարանում եղած ժամանակահատվածում ԱԺ աշխատակիցները բանվորների հետ դատարկում էին ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի), Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի աշխատասենյակները: ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը եւ Էդուարդ Շարմազանովը եւս տանում էին իրենց բերած իրերը: Հովհաննիսյանն Աժ-ում չէր, օգնականներն էին խնդիրը կարգավորում, իսկ Շարմազանովն անձամբ էր եկել գույքի հետեւից: Մասնավորապես, պատգամավորները տանում էին սեղաններ, աթոռներ, պահարաններ, սառնարաններ, ջահեր, գորգեր, գեղանկարներ եւ այլ իրեր:
Ազգային ժողովում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ալեն Սիմոնյանը, որը զբաղեցնելու է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը, ցանկանում է զբաղեցնել Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակը: Այն ԱԺ-ի ամենաշքեղ սենյակներից մեկն է, ունի նախասրահ, աշխատասենյակ, հանգստի սենյակ, սանհանգույց, ինչպես նաեւ մեկ այլ սենյակ: Սակայն նշենք, որ այս պահի դրությամբ դեռ խորհրդարանի աշխատակազմի կողմից աշխատասենյակները պաշտոնապես բաշխված չեն:
Աշխատակազմից երեկ փոխանցեցին, որ ոչ բոլոր պատգամավորներն են դեռ հասցրել հանձնել իրենց սենյակների բանալիները: Կա սենյակների հանձնման վերջնական ժամկետ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից երկու օր առաջ: Խորհրդարանի աշխատակազմից տեղեկացանք նաեւ, որ առաջիկայում մի քանի սենյակներ կփոքրացվեն, որպեսզի բոլորին էլ աշխատասենյակներ հասնեն: Բանն այն է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովում կային պատգամավորներ, որոնց աշխատասենյակները հիշեցնում էին մի քանի սենյականոց բնակարաններ: Թեեւ նշենք, որ Ազգային ժողովի համար պատգամավորների այս թիվը նորություն չէ: Օրինակ, 5-րդ գումարման խորհրդարանում կար 131 պատգամավոր, 7-րդում նրանց թիվը մեկով է ավելի լինելու:
Երեկ խորհրդարանում միայն Ազգային ժողովի աշխատակազմն էր եւ բանվորները, որոնք զբաղվում էին պատգամավորների իրերի տեղափոխման հարցերով: 6-րդ գումարման պատգամավորներից նկատեցինք միայն Լենա Նազարյանին. նա զբաղված էր քաղաքացիների ընդունելությամբ:
Վեցերորդ գումարման խորհրդարանում որքան շքեղ էր պատգամավորի աշխատասենյակը, այդքան նա անմասն էր մնում օրենսդրական բուն աշխատանքից: «Հայկական ժամանակ»-ը Լենա Նազարյանից, որն ամենայն հավանականությամբ, զբաղեցնելու է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը, հետաքրքրվեց՝ արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցությունում եւս կլինեն պատգամավորներ, ովքեր նման շքեղ պայմաններ կստեղծեն իրենց համար, իսկ օրենքների մշակումը կմղեն հետին պլան:
«Այն սենյակները, որոնք մեծ են եղել եւ տրամադրվել են մեկ պատգամավորի, կվերակառուցվեն եւ աշխատանքային սենյակներ կդառնան նոր պատգամավորների համար: Որքան ես տեղյակ եմ՝ որոշակի փոփոխություններ աշխատասենյակներում պետք է կատարվեն, բայց ԱԺ-ն պետք է պատգամավորներին տրամադրի գույք ու տեխնիկա: Ես ինքս իմ աշխատասենյակում որոշ բաներ լրացրել եմ իմ անձնական իրերից, բայց հիմնականում այն գույքը, որ տրամադրել է ԱԺ-ն, բավարար է, որ պատգամավորը կազմակերպի իր աշխատանքը: Ես կարծում եմ, որ մեր խմբակցության պատգամավորներն իրենց տեղում են եւ շատ արագ կներգրավվեն խորհրդարանի աշխատանքերում: Բոլորը գալիս են այստեղ աշխատելու»:
Լենա Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատասենյակները խորհրդարանի որ մասում են տեղակայված լինելու: «Այն հատվածում կունենանք աշխատասենյակներ, որտեղ համախմբված կլինենք, դրանք տեխնիկական հարցեր են եւ դա այդքան էլ էական չէ»:
Նազարյանը նշեց, որ, մասնավորապես, ինքը փոխելու է իր աշխատասենյակը: «Իմ աշխատասենյակը գտնվում է ԵԼՔ խմբակցությունում, այս հատվածն ավանդաբար ընդդիմադիր խմբակցություններին է տրամադրված եղել, եւ մենք պատրաստ ենք այս հատվածը զիջել մեր ընդդիմադիր գործընկերներին»:
Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ նորընտիր պատգամավորների համար հունվարին՝ մինչ նիստերի մեկնարկը, թրեյնինգ-սեմինարներ կկազմակերպվեն, որպեսզի վերջիններս տիրապետեն Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքին:
Անդրադառնալով պատգամավորների թվի աճին՝ նշենք, որ այն լրացուցիչ ծախս է լինելու հարկատուների համար: Բյուջեից վճարվելու է նրանց աշխատավարձը, գործուղումների, օգնականների եւ աշխատանքային այլ կարիքների համար: Միայն 27 պատգամավորի ամսական աշխատավարձը կազմում է 17 մլն 857 հազար դրամ, իսկ մեկ տարվա կտրվածքով այս թիվը կազմում է 215 մլն դրամ: Իսկ ահա հինգ տարվա ընթացքում նրանց ընդհանուր աշխատավարձը կազմելու է 2 միլիարդ 571 մլն 523 հազար դրամ: Հիշեցնենք, որ պատգամավորների թիվը որոշվում է ՀՀԿ-ի ընդունած Սահմանադրությամբ:
Աղբյուրը՝ armtimes.com