Պետական ապարատի օպտիմալացումը հանգեցնելու է սոցիալական խնդիրների։ Կրճատման ծրագրերը սոցիալական բաղադրիչ չունեն։ Այս մասին այսօր հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսամյանը։
Ծախսերի կրճատումը դեռ կառավարման արդյունավետության բարձրացման մասին չի վկայում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Փաշինյանի կառավարության հայտարարած կրճատումներին, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսամյանը։
«Պետական համակարգի ուռճացված լինելու մասին խոսում են մարդիկ, ովքեր մի օր անգամ չեն աշխատել պետական համակարգում, ծանոթ չեն պետական համակարգի գործառույթներին, սովոր չեն այդ աշխատանքային մթնոլորտին»,– ասաց նա` միաժամանակ հավելելով, որ առ այսօր հայտնի չէ, թե որքան աշխատատեղ ու որ գերատեսչություններում են կրճատվելու։
Տնտեսագետը չի բացառում, որ այդ գաղտնիությունը միտված է հնարավոր դժգոհություններից խուսափելուն։
«Օպտիմալացման ծրագրերի մեջ գոյություն չունի սոցիալական բաժին, որտեղ նշվեր այլ աշխատանքով ապահովելու վերապատրաստման ծրագրերի, պետական աջակցության մասին։ Իսկ դա ինչն ավելի կսրի սոցիալական խնդիրները»,– ասաց Պարսամյանը` չբացառելով, որ կրճատումները կհանգեցնեն սոցիալական լուրջ հետևանքների ու արտագաղթի նոր ալիքի։
Ի տարբերություն շարքային աշխատակիցների, պաշտոնյաների կրճատումը` այդ թվում` նախարարների ու փոխնախարարներին, Սուրեն Պարսամյանը ոչ միայն ողջունում, այլև անհրաժեշտ է համարում, քանի որ, նրա խոսքով, որոշ նախարարներ 4-5 տեղակալ ունեն` յուրաքանչյուրն իր ծառայողական ավտոմեքենայով ու սպասարկող անձնակազմով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի և այդ հարցն արդեն քննարկվում է։
Աղբյուրը՝ armeniasputnik.am