Մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել են քաղաքապետարան մտնող մուտքը։
Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր առավոտից հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց, փակել քաղաքապետարանի մուտքն ու պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։
Քաղաքապետարանի աշխատակցուհիներից մեկն ասաց, որ առավոտյան ոստիկանները հրմշտոցով մի կերպ ազատել են շենքի մուտքն, որ իրենք մտնեն աշխատանքի։
«Բայց քաղաքապետարանն առավոտից բնականոն ձևով աշխատում է, քաղաքացիները ելումուտ ունեն, հիմա շենքի մոտ ոստիկաններ կան»,–ասաց Արարատի քաղաքապետարանի աշխատակցուհին։
Նրա խոսքով` քաղաքապետը հանդիպել է նրանց, քննարկում եղել է, բայց անօգուտ։ «Մի քանի անշնորհք տղաներ են, որոնք ուղղակի փորձում են, տեսնեն` ինչ կլինի»։
Անդրադառնալով այն հարցադրմանը, որ բողոքողները ստորագրահավաք են արել և այդ հարցով դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` մեր զրուցակիցն ասաց, որ նրանք 500 ստորագրություն հավաքել են մարդկանց խաբելով։
«15 հոգու պահանջով, որոնք իրենց պահվածքով քաղաքում իրենցից ոչինչ չեն ներկայացնում, քաղաքապետը հրաժարական տալ չի պատրաստվում»,–ասաց նա։
Այս պահին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել են քաղաքապետարան մտնող մուտքը, առավոտյան անգամ հրմշտոց է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։
Հիշեցնենք, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը Հանրապետական կուսակցության անդամ է։
Աղբյուրը՝ armeniasputnik.am