Լուկաշենկոն ճիշտ է, և մեր ասելիքն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառողին՝ ՌԴ-ին. Արամ Սարգսյան

Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությանը, թե Ադրբեջանին զենք ամենաշատը ՌԴ-ն է վաճառում:

Արամ Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ֊ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։

Իսկ իմ կարծիքով՝ ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ, և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կրասնոդարի մարզով…»:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շփումներին՝ պատմելով դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանին զենքի վաճառելու թեմայով իրենց խոսակցությանը:

«Պուտինի ներկայությամբ ասացի.«Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա նրան (նկատի ունի Պուտինին), դե՛, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը, Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկանան: Այդ դեպքում ասա, ես կլռեմ: Ահա այդպիսի խոսակցություն է եղել»,-պատմել էր Լուկաշենկոն:

Աղբյուրը՝ tert.am