Արտահերթ ընտրություններում Հայաստանի ընտրողների տրված խոստումները 1 ամսով հետաձգվում են։ Նոր տարին խանգարում է նոր Ազգային ժողովի աշխատանքին։ Տոնը թակում է խորհրդարանի դուռը, իսկ ներսում միայն տոնածառն է։
Ձևավորված ավանդույթի համաձայն` տարեվերջին Ազգային ժողովի ղեկավարությունը տոնական ընդունելություն է կազմակերպում` ԱԺ պատգամավորների, քաղաքական գործիչների, լրագրողների մասնակցությամբ։ Լինում են պարգևատրումներ, շնորհակալագրեր, շնորհավորանքներ։
Այս տարի ավանդույթը, թերևս, չի պահպանվի։ 6-րդ գումարման ԱԺ–ի պատգամավորները թեև դեռ պաշտոնապես չեն զրկվել լիազորություններից, բայց արդեն աշխատասենյակները հանձնել են, խորհրդարան չեն գալիս ու հրավերի դեպքում էլ հազիվ թե ցանկանան մասնակցել տոնական միջոցառմանը։
7-րդ գումարման պատգամավորներն էլ թեև ընտրվել են, բայց դեռ պաշտոնապես պատգամավոր չեն։
Այնպես որ 2019թ–ն Ազգային ժողով կմտնի լուռ ու աննկատ։
Նորընտիր պատգամավորներն էլ Ազգային ժողով կմտնեն, թերևս, միայն տոներից հետո։ Sputnik Արմենիայի խորհրդարանական աղբյուրների տեղեկություններով` 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը նախատեսվում է գումարել հունվարի 7-ից հետո` ամենայն հավանականությամբ, հունվարի 14-ին։
Բանն այն է, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն` ԱԺ–ի նոր նստաշրջանը պետք է հրավիրվի «նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը, ժամը 10:00-ին»։
Ազգային ժողովը կկազմավորվի առաջիկա երկուշաբթի` դեկտեմբերի 17–ին, երբ ԿԸՀ–ն կհայտարարի ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները։ Դրան հաջորդող երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31-ն է, որը նույնպես աշխատանքային օր չէ, հաջորդ երկուշաբթին հունվարի 7-ն է` դարձյալ ոչ աշխատանքային օր։ Հետևաբար, նորընտիր խորհրդարանականներն աշխատանքի կանցնեն միայն ընտրություններից ավելի քան 1 ամիս անց` հունվարի 14-ին։
Այնպես որ քաղաքական գլխավոր ինտրիգը` ով կգնա խորհրդարան, ով կմնա կառավարությունում, ինչ նոր դեմքեր կհայտնվեն իշխանությունում ու նրանցից ովքեր կզբաղեցնեն ԱԺ նախագահության բաղձալի աթոռները, դեռ մեկ ամիս կշարունակի թևածել ենթադրությունների ու բամբասանքների մակարդակով։
Բայց եթե հանրությանն ու մամուլին այս հարցերը հետաքրքրում են, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը դրանց այնքան էլ լուրջ չի վերաբերում։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում ամենևին էլ կարևոր չէ, թե որ աթոռն ում բաժին կհասնի, քանի որ, որպես բացարձակ մեծամասնության քաղաքական առաջնորդ, կառավարման բոլոր հարցերը որոշելու է Նիկոլ Փաշինյանը։
«Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ իրավիճակ է, երբ Հայաստանի իշխանությունն ունի բացառիկ մեծամասնություն ու բացառիկ հնարավորություններ։ Այսինքն և՛ լավի, և՛ վատի համար նրանք պատասխանատու են լինելու, և նրանց ոչ ոք չի կարող խանգարել ու չի կարող օգնել»,– ասաց քաղաքագետը։
Հիշեցմանը, որ «Լուսավոր Հայաստանն» իրեն հայտարարել է խորհրդարանական կառուցողական ընդդիմություն, որի համար անընդունելի են օլիգարխիկ դրսևորումները` բիզնեսի և քաղաքականության միաձուլմամբ, Ստեփան Դանիելյանն այսպես արձագանքեց. ««Լուսավոր Հայաստանի» խոսքերը բացարձակ ոչ մի բան չարժեն, որովհետև «Իմ քայլն» ունի խորհրդարանական լիարժեք մեծամասնություն և կարող է անցկացնել այն, ինչ ցանկանա։ Թող իրենք կոնստրուկտիվ ընդդիմություն լինեն, բայց իրենցից ոչինչ կախված չէ, ինչպես և մյուս կուսակցություններից»,– ասաց Դանիելյանը։
Մեկ ամիս անց պարզ կդառնա, թե քաղաքական որ ուժն ինչ կազմով կներկայանա ընտրողին ու ինչ չափով տեր կկանգնի նրան տված իր խոստումներին։
Իսկ մինչ այդ ԱԺ–ն կշարունակի սպասել իր նոր «տերերին»։ Իսկ Նոր տարին խորհրդարանում կդիմավորի զարդարված, բայց «անտեր» մնացած տոնածառը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am