Գործ ունենք դասական «մուտիլովկայի» հետ, ոչ ավելին. Ի. Տոնոյանը՝ Գ. Ծառուկյանին խարդախության մեջ մեղադրողի մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է «Ժամանակ օրաթերթի այսօրվա հրապարակումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին խարդախության մեջ մեղադրելու մասին:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ, եթե հաստատվեն իրավապահ մարմինների ստացած հաղորդման հանգամանքները:

Իվետա Տոնոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ժամանակ» օրաթերթն այսօր հերթական անգամ աչքի է ընկել մասնագիտական անբարեխղճությամբ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը հրապարակելու տխրահռչակ գործելաոճով։ Առաջին հերթին նշեմ, որ հրապարակման մեջ նշված «Եվրոմոթորս» ընկերությունում Գագիկ Ծառուկյանն ընդամենը բաժնետեր է, ավելին՝ բաժնեմասերը կառավարվում են հավատարմագրային կառավարչի կողմից: Ի սկզբանե ներդրումային ծրագրերն իրականացնում են Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Պրինցես Գրուպ» ընկերության կողմից, որն էլ նշանակում է ընկերության գլխավոր տնօրենին: Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք դասական մուտիլովկայի հետ, ոչ ավելին։ Քանի որ «Եվրոմոթորս» ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Եվ եթե Զարուհի Սարգսյանը որևէ հիմք ունենար իր գումարները չվճարելու վերաբերյալ, ապա մինչև այժմ դատարան կդիմեր, այլ ոչ թե այս տարիների ընթացքում նախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին։ Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք սեփակական շահադիտական նպատակներով Գագիկ Ծառուկյանի անունն անտեղի շահարկելու, իսկ «Ժամանակ» օրաթերթի դեպքում հերթական ապատեղեկատվության, կամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքի հետ»։