Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ նախարարություններին կից արհեստականորեն ստեղծված կազմակերպությունները պետք է լուծարվեն։
Հայաստանում չպետք է «էլիտար» պաշտոնյաներ լինեն, ու բոլորը պետք է դրա մասին իմանան։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նախարարությունների աշխատակազմում աշխատավարձերը միջինում բարձր չեն։ Սակայն դրանց կից տարատեսակ բյուրոներ ու կազմակերպություններ են ստեղծվում։ Հիմնականում դրանք ստեղծվում են արտասահմանյան վարկային ծրագրեր իրականացնելու համար։ Այդ վարկերից նրանք շատ ավելի բարձր աշխատավարձեր են ստանում։
«Այդ բյուրոներն ու կազմակերպությունները խեղել են մեր պետական աշխատակազմը։ Այնտեղ մարդիկ անձնական վարորդներ ունեն։ Առաջին ու երկրորդ կարգի պաշտոնյաներ են հայտնվել։ Մի քանի անգամ բարձրացրել եմ այդ հարցը, բայց այդ կազմակերպությունների լուծարումն անընդհատ հետաձգվում է։ Այն պաշտոնյաների համար, որոնք կշարունակեն հետաձգել այդ հանձնարարության կատարումը, շատ վատ կլինի։ Թող իրերը հավաքեն ու գնան ուր ուզում են», – ասաց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ պետք է ազատել պետական ապարատն այն մարդկանցից, որոնք բարձր աշխատավարձ են ստանում ու ոչինչ չեն անում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am