2018-ի հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում, 2017-ի համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.0%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ 2018թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը պայմանավորվել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճով: Թերևս միակ ոլորտը, որում գրանցվել է արտադրանքի ծավալների նվազում, ընդ որում բավականին բարձր տեմպերով, գյուղատնտեսությունն է, որտեղ համախառն արտադրանքի ծավալը էապես նվազել է: Այլապես այսօր Հայաստանի տնտեսությունը հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում կունենար տնտեսական ակտիվության անհամեմատ ավելի բարձր ցուցանիշ։
Ահավասիկ. 10 ամիսների կտրվածքով բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է գրեթե 20%-ով (բացարձակ թվերով 1,426.759 մլրդ ՀՀ դրամ 2017-ի 1,182․167-ի դիմաց): Ընդ որում՝ այնպես չի, որ միայն հունվար-հոկտեմբեր միջակայքում է աճ արձանագրվել: 2017թ. հոկտեմբեր ամսվա համեմատությամբ 2018-ի հոկտեմբերին ծառայությունների ծավալն աճել է 16.6%-ով: Առևտրի շրջանառության առումով 2018-ի հունվար-հոկտեմբեր ժամանակային միջակայքում գրանցվել է գրեթե 10%-անոց աճ: Բացարձակ թվերով արտահայտած, այս տարի վերոնշյալ ժամանակամիջոցում առևտրի շրջանառությունը կազմել է 2 308 797.7 մլն դրամ ընթացիկ գներով, 2017թ. նույն ժամանակամիջոցում՝ 2 030 433.0 մլն դրամ ընթացիկ գներով: Նույն սկզբունքով 2018թ. հոկտեմբերին առևտրի շրջանառությունը կազմել է 258 786.3 մլն դրամ ընթացիկ գներով, մինչդեռ 2017թ, հոկտեմբերին՝ 234 781.0 մլն դրամ ընթացիկ գներով: Մի քիչ այլ պատկեր է շինարարության ոլորտում: 2018թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 288 754.3 մլն դրամի շինարարություն ընթացիկ գներով: 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 274 811.4 մլն դրամի: 2018թ. հոկտեմբերին, ի տարբերություն 2017-ի հոկտեմբերի՝ շուրջ 1.5 մլրդ դրամի պակաս շինարարություն է իրականացվել, բայց բազմիցս պարզաբանվել է, որ անցած տարվա շինարարության աճը պայմանավորված է եղել ընդամենը Ամուլսարի շինարարությամբ: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները ընթացիկ գներով կազմել են 1 408 750.8 մլն դրամ: Սա 4.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշը, որ կազմում էր 1 338 330.6 մլն դրամ: Մինչդեռ 2018-ի հոկտեմբերի ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշին ավելի քան 8%-ով:
Այս տարվա հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցում է նախորդ հոկտեմբերին 3.0%-ով: Ընդհանրապես, տարվա գրեթե բոլոր ամիսներին է ՏԱՑ-ի գերազանցող ցուցանիշ արձանագրվել: Մասնավորապես, հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ն աճել է 11.6%-ով: Փետրվարին՝ 8.8%-ով, մարտին՝ 10.9%-ով, ապրիլին՝ 7.1%-ով, մայիսին՝ 5.5%-ով, հունիսին՝ 9.8%-ով, հուլիսին՝ 11.1%-ով, օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի էական անկում, երբ աճը եղել է գրեթե զրոյական՝ 0.5%, սեպտեմբերին ունեցել ենք փաստացի 0.2%-անոց անկում: Հոկտեմբերին արդեն աճի կորը սկսել է բարձրանալ և, փաստորեն, սեպտեմբերի համեմատությամբ 3.2%-անոց աճ է արձանագրվել: Ի վերջո, տնտեսությունը օրգանիզմ է, որ պայմանավորված իրավիճակներով իր որոշակի դրսևորումներն է ունենում: Եվ վերջին ամիսների ՏԱՑ-ի աճի որոշակի նվազումը և սեպտեմբերի զրոյական անկումը խիստ անբավարար են տնտեսությունում անկումային զարգացումների արձանագրման համար, ինչը հիմա փորձում են անել որոշակի շրջանակներ: Չմոռանանք, որ 2017թ. հուլիսից հետո, օգոստոսին, ինչպես և այս տարի, ՏԱՑ-ն ավելի քան 4.3%-անոց անկում արձանագրեց, սեպտեմբերին այն նվազեց ևս մեկ տոկոսով, որից հետո սկսեց վերելքը: Այնպես որ, այս տարվա ցուցանիշների պարագայում ևս ոչինչ անհանգստացնող չկա, հատկապես, որ ինչքան էլ փորձենք անտեսել, անցած ամիսների քաղաքական զարգացումները միանշանակ բացասական ազդակներ ունեցել են տնտեսության վրա, սակայն դեկտեմբերյան ընտրություններից հետո շատ արագ կայունացման փուլ են մտնելու: Այնպես որ, վերջին մեկ-երկու ամիսների որոշ «խիստ մտահոգ» խմբերի «անհանգստությունը» ՏԱՑ-ի անկման վերաբերյալ շարքային շահարկումներ են, որ հերթական ցուցանիշներով արագ կդարմանվեն:
Աղբյուրը՝ 1in.am