Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբաններ Ամանդա Փոլն ու Դենիս Սամութն անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Վերլուծաբանների կարծիքով, չնայած ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակին, ընտրողների մասնակցության ցածր՝ 48.63%-ը վկայում է ժողովրդի շրջանում հիասթափության բարձր մակարդակի մասին:
«Հայ հասարակությունն իրական փոփոխությունների ակնկալիք ունի: Սակայն, Փաշինյանի համար «նոր» Հայաստանի տեսլականը կյանքի կոչելը մարտահրավեր կլինի: Այժմ, երբ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, առաջնային պետք է գործի երեք կարևորագույն ոլորտներում՝ ներքին բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղ»,- գրում են հեղինակները:
Նրանք գտնում են, որ խթանել տնտեսության զարգացումը, նվազեցնել աղքատության մակարդակը, բարելավել կյանքի որակը հնարավոր կլինի միայն Փաշինյանի նոր կառավարության իրական հակակոռուպցիոն ռազմավարություն ունենալու դեպքում:
Արտաքին քաղաքականությանը անդրադառնալով վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը խոր կասկածանքով է վերաբերվում Փաշինյանին: ԵՄ և արևմտյան շրջանակները թեև լավ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, բայց նրան դեռևս հարկավոր է համակրանքը վերածել շոշափելի աջակցության: «Հայաստանի կառավարության համար առաջնային կարևորագույն նպատակը կլինի Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճիշտ հավասարակշռումը»,- նշում են վերլուծաբանները:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հեղինակները նշում են, որ Փաշինյանի ընդդիմախոս ուժերի համար ղարաբաղյան հակամարտությունն ընկալվում է որպես վարչապետի «աքիլեսյան գարշապար»: «Ամեն դեպքում Փաշինյանի առաջ ծառացած մարտահրավերներն ահռելի են՝ հաշվի առնելով հասարակության մեծ սպասումները»,- եզրափակել են վերլուծաբանները:
Աղբյուրը՝ 1in.am