Հանրապետական կուսակցությունը, չհաղթահարելով անցողիկ շեմը, իրեն հռչակել է արտախորհրդարանական ընդդիմություն, և կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ սկսում է «Մերժիր Նիկոլին» գործընթացը։
Ոչ վաղ անցյալում՝ ընդամենը 7-8 ամիս առաջ դժվար էր պատկերացնել այդ կուսակցությանն ընդդիմության շարքերում, առավել բարդ է պատկերացնել արտախորհրդարանական դաշտում՝ հատկապես հասարակության մեջ առկա տրամադրությունների ֆոնին։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի ընդդիմադիր լինելու իրական ներուժը զրոյական է։ «Հաշվի առնելով թե՛ հասարակության վերաբերմունքն իրենց նկատմամբ և թե՛ այն փաստը, որ Հանրապետականը փաստացի անկարող եղավ օգտագործել իսկապես ռեաբիլիտացիայի ճանապարհին կանգնելու հնարավորությունները և գնաց բացարձակապես հակառակ ճանապարհով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շարունակելով իր միտքը, Բադալյանն ընդգծեց. «Այն դիրքավորումը, որ Հանրապետականը մինչև հիմա ուներ որպես ընդդիմություն՝ դա առավելապես նպաստում էր իշխանության դիրքերի ամրապնդմանը։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ հայտարարեց, որ ՀՀԿ ընդդիմությունը ամենաձեռնտու ընդդիմությունը կարող է լինել իշխանության համար։ Եվ ամենակարևոր հանգամանքն այն է, որ մենք դեռ ընդհանրապես չգիտենք՝ ինչ ասել է Հանրապետական կուսակցություն հիմա։ Ես կարծում եմ, որ այդ կուսակցությունը դեռևս շատ լուրջ տրանսֆորմացիաների փուլ պետք է անցնի։ Մենք դեռ չգիտենք, թե այդ ամենի արդյունքում ինչ տեսք ու պատկեր կստանա, ինչ բովանդակություն կունենա այդ ուժը»։
Արդյոք ՀՀԿ-ն կունենա դաշնակիցներ արտախորհրդարանական դաշտում հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքականության մեջ կարող են լինել իրավիճակային դաշնակիցներ, երբ կարող են համընկնել տարբեր խմբերի շահեր։ Այդ խմբերի շահերը ինչպես իշխանության ժամանակ են համընկել, կարող են այս ժամանակաշրջանում ևս համընկնել։ Բայց խորքային դաշնակիցներ ունենալու հետ կապված, մենք նույնիսկ չգիտենք, թե ՀՀԿ-ն ինչ տեսք է ունենալու որպես միավոր և, ըստ այդմ, խոսել այդ միավորի դաշնակիցների մասին, վաղ է»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր գլխավորած ուժը վերակազմավորման փուլ է անցնելու և բացառեց համագործակցությունը ՀՀԿ-ի հետ. «Մենք քաղաքական պլատֆորմ ունենք, մեր նպատակն էլ հայտնի է՝ արարչագործական Հայաստան ստեղծելը։ Մոտ մեկ տարվա ընթացքում մենք կդառնանք ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը»։
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության առաջիկա գործունեությանը, Լևոն Շիրինյանն ասաց. «Նկատելի է, որ Հանրապետական կուսակցությունը երիտասարդներին է փորձում առաջ բերել, մանվելներից հրաժարվել է, բայց 60.000 թիվը քիչ չէ, և նրանք Հայաստանի աղքատ մարդիկ չեն, ռեսուրսի առումով քաղաքական պայքար կարող է տարվել»։
Ըստ Շիրինյանի՝ եթե իշխանությունը չկազմաքանդի օլիգարխիան, որևէ հաջողության չի հասնի. «Բացի ՀՀԿ-ից, այլ կառույցներում ևս կան օլիգարխներ։ Այսինքն՝ եթե տարվի այսօրվա քաղաքականությունը և ոչ հակաօլիգարխիկ՝ հաջողության չի հասնի»։
Քաղաքագետը նշում է՝ ռեյտինգային համակարգը ցույց տվեց, որ խնամի-բարեկամ սկզբունքը դեռ Հայաստանում գործում է, ու ՀՀԿ-ն կարող է օգտագործել նաև այդ ռեսուրսը։
Աղբյուրը՝ 1in.am