Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր հանդիպել է ներքին աուդիտի բաժնի աշխատակիցների հետ եւ խոստացել, որ նրանք գործելու համար ստանալու են լիակատար ազատություն, ինչն էլ ավելի հաճելի է դարձնելու նրանց աշխատանքը:
«Ձեզանից ակնկալելու եմ այն ինֆորմացիան, որը կօգնի մեր քաղաքը վերականգնելու, խնդիրները դուրս բերելու եւ այդ խնդիրներին լուծում տալու համար: Ես վստահ եմ, որ դուք ինքներդ էլ հիմա ավելի հաճույքով կանեք ձեր աշխատանքը, որովհետեւ այն ազատությունը, որը մենք կտանք ձեզ, բերելու է հենց աշխատանքի ՕԳԳ-ի (օգտակար գործողության գործակցի) բարձրացման, իսկ դուք էլ կտեսնեք ձեր աշխատանքի արդյունքները: Եվ սա ամենակարեւորն է, երբ աշխատում ես, արդյունք ես տեսնում, մի բան ստուգում ես, ստուգման ընթացքում գտնում ես պրոբլեմ, մեկ էլ տեսնում ես՝ մեկ ամիս հետո այդ պրոբլեմը լուծվեց, եւ դու գիտես, որ այդ պրոբլեմի լուծման հիմքը դու ես դրել»,- համոզմունք է հայտնել քաղաքապետը:
Նա նաեւ փաստել է, որ բնակիչներից ստացվող ահազանգերն այսօր տասնապատկվել են: Նրանք արդեն բարձրաձայնում են այն խնդիրների մասին, ինչը նախկինում վախեցել են անել:
«Բնակչությունը ռիսկով, այսպես ասեմ, զանգում են, ասում՝ այս խնդիրը ունենք, այն խնդիրը ունենք, եւ շատ բնական է, որ այո, տասնապատկվել է: 20 տարի հավաքված խնդիրներ են գալիս այսօր: Մարդիկ նոր սկսում են բարձրաձայնել, որովհետեւ վախենում էին ուղղակի, որովհետեւ դիմացի կողմը ինչ-որ մի գեներալ կամ ինչ-որ մի նախարար է եղել: Այդ խնդրի մասին երեւի վախեցել են անգամ տանը զրուցել: Այսօր դա բարձրաձայնում են, եւ դա շատ լավ է, նշանակում է, որ պետությունը առողջանում է»,- եզրափակել է Հայկ Մարությանը:
Աղբյուրը՝ armtimes.com