Ինչպե՞ս են ԱԺ–ում պատրաստվում դիմավորել ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներին։ «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է խորհրդարանի շենքում տեղի ունեցող փոփոխություններին։
ԱԺ 6-րդ գումարման այն պատգամավորները, որոնք նոր ԱԺ–ում չեն լինելու, հավաքում են իրենց իրերը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 105 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։ 2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ»,–գրում է պարբերականը:
Թերթը նաև հիշեցնում է, որ նորընտիր ԱԺ առաջին նիստում ելույթ կունենան ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ողջույնի ելույթներից հետո տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը: Ապա նիստը նախագահողը պաշտոնապես կհայտարարի ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և կներկայացնի պատգամավորներին։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որը պաշտոնավարում է մինչև ԱԺ նախագահի ընտրվելը:
Նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախագահել է քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր, անկուսակցական Կնյազ Հասանովը: Նա այս անգամ էլ «Իմ քայլով» է անցել ԱԺ և ընտրվածների մեջ ամենաավագն է՝ 73 տարեկան։ Եթե ինքնաբացարկ չլինի, հենց նա էլ կվարի առաջին նիստը: