Զորակցություն ենք հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին․ ՌԱԿ

Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է․

«2018 դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Թավշյա հեղափոխության» շարունակության տրամաբանությամբ ժողովուրդը քվեարկեց «Իմ քայլը» դաշինքի կամ որ նույնն է` գործող իշխանությունների օգտին:

Մի քանի օբյեկտիվ պատճառներով ընտրություններին չմասնակցած Ռամկավար Ազատական կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած «ժողովրդի հետ, ժողովրդի համար» հավատամքին և անսալով դրական վերափոխումների ու առաջընթացի համաժողովրդական ձգտումներին`իր անդամներին և համակիրներին կոչ էր արել իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին:

Այսօր, երբ մեր այդ նպատակադրումն արդեն իրողություն է, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը եւ Գերագույն խորհուրդը Հայաստանում և Սփյուռքում կուսակցության բոլոր անդամների անունից շնորհավորում են համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու իրողության առիթով և հույս հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար:

Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքին ձայների բացարձակ մեծամասնության քվեն տալով ժողովուրդն ակնկալում է նաև բացարձակ դրական փոփոխություններ կյանքի բոլոր ասպարեզներում:

Ռամկավար Ազատական կուսակցությունը գալիս է միանալու ժողովրդի այդ ակնկալիքին և իր զորակցությունն է հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին, այդ թվում`արտագաղթի ծավալները կրճատելու, հայրենադարձությունը քաջալերելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք իսկական և արդյունավետ եռամիասնություն ստեղծելու, հայության իղձերի իրականացման համար ճանապարհ հարթելու ուղղությամբ»:

Աղբյուր՝ armtimes.com