Կհաջողի՞ ՀՀԿ-ն արտախորհրդարանական ընդդիմության դերում, կախված է իշխանությունների վարքից

«Հանրապետականին այլ տարբերակ չի մնում, քան արտախորհրդարանական ընդդիմություն դառնալը, բայց առաջիկա 5-6 ամիսը այդ կարգավիճակում ՀՀԿ-ն չի կարողանալու իր շուրջ համախմբել իշխանությունից դժգոհ քաղաքական ուժերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի մոտ սկզբնական շրջանում դա չի ստացվի, քանի որ հասարակության մոտ հետհեղափոխական էյֆորիան դեռ բավականին բարձ է, ու այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն համագործակցել ՀՀԿ-ի հետ, շատ կարճ ժամանակում հասարակության մի ստվար զանգվածի կողմից «կգամվեն անարգանքի սյանը»։ «Որևէ քաղաքական ուժ, լինի դա արտախորհրդարանական, մոտակա կես տարվա մեջ չի համագործակցի Հանրապետական կուսակցության հետ, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում կլինեն համագործակցություններ ՀՀԿ-ի հետ։ Իսկ թե որքանով այդ համագործակցությունը, միավորումը իրենից արժեք կներկայացնի ու կհակակշռի իշխանությանը, դա կախված կլինի իշխանության քայլերից»,- ասաց Համբարյանը։

Նրա խոսքերով՝ եթե մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության կողմից գրեթե բոլոր բացթողումները բացատրում էր նրանով, որ գործադիր իշխանությունը օրենսդիր իշխանությունում մեծամասնություն չունի, և ՀՀԿ-ն խոչընդոտում էր իր աշխատանքներին, ապա հիմա բոլոր խնդիրները լուծված են։ «Բայց հիմա դիմացը ձմեռ է, բավական ծանր ժամանակահատված է, գազի, հոսանքի գների խնդիր կա, թանկացումներ են եղել, և հասարակությունը դրա կոմպենսացիան չի ստացել աշխատավարձերի ու թոշակների բարձրացման տեսքով։ Բայց կա ամուր հիմքերի վրա ձևավորված իշխանություն, և Փաշինյանի համար դժվար կլինի հասարակությանն ասել, պատճառաբանել, թե բոլոր դժվարությունների, բացթողումների համար մեղավոր է օրենսդիր մարմինը։ Հիմա, եթե իշխանություններին չհաջողվի մոտակա ժամանակները հասարակության համար շոշափելի արդյունքների հասնել, ապա այդ պարագայում կարող է և ՀՀԿ-ին հաջողել իր շուրջը համախմբել արտախորհրդարանական ուժերին, որոնք կարող են իրենց բացահայտ դժգոհությունը հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ»,-ընդգծեց քաղաքագետը։

Նշենք, որ ՀՀԿ-ն արդեն իսկ դիրքավորվել է արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակում և հայտարարել, որ արդեն իսկ սկսվել է «Մերժել Նիկոլին» նոր պայքարը։ «Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին, որովհետև պետության ղեկավարը, ռեժիմը ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, ատելության և վախի մթնոլորտ տարածելու համար»,- Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀԿ պայքարի երկրորդ փուլի մեկնարկը տվել է։ «Մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը: ՀՀԿ-ն պայքարի կուսակցություն է: Ես և իմ ընկերներն իրավունք չունենք չպայքարելու: Կոչ եմ անում համախմբման, միասնության: ՀՀԿ-ն նոր պայքար է սկսում 60 հազար համախոհների հետ»,- ասել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ բոլոր՝ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝

«Իմ քայլ» ստացել է՝ 884 հազար 456 ձայն կամ ձայների 70,43%-ը,

ԲՀԿ՝ 103 հազար 824 ձայն կամ ձայների 8,27%-ը,

ԼՀԿ՝ 80 հազար 024 ձայն կամ ձայների 6,37 %-ը,

ՀՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ 59 հազար 059 ձայն կամ ձայների 4,70 %-ը:

1in.am