«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, այդ պաշտոնում փոխարինելով Արարատ Միրզոյանին, ով, ըստ ամենայնի, կընտրվի ԱԺ նախագահ»:
Թերթի տվյալներով` ԱԱԾ տնօրեն կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: «Ցոլակյանը ԱԱԾ կադր է, իր աշխատանքային կարիերան սկսել է որպես խորհրդային ՊԱԿ-ի սպա, 2007-2013թթ. զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը»,-գրում է թերթը:
«Ժամանակ» օրաթերթի մյուս հրապարակման համաձայն` Նաիրա Զոհրաբյանը կարող է նշանակվել ԱԺ փոխնախագահ։ «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, և այդ տեղը ստանում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվեներ է ստացել:
Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Մելքումյանը:
Եվ դա այն դեպքում, որ ԲՀԿ Սիսիանի մարզային կառույցը հիմնականում աշխատում էր Զոհրաբյանի դեմ, կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանը փաստացի աշխատեց իր փեսայի՝ «Իմ քայլի» կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին»,-գրում է թերթը:
Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։