Փաշինյանը խոստացավ լինել բոլոր քաղաքական ուժերի ընտրողների ներկայացուցիչը խորհրդարանում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել ընտրողներին ու շնորհավորել խորհրդարանական ապագա գործընկերներին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում շնորհավորեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ ձայներ հավաքած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։

«Առաջիկայում տեղի կունենան ԱԺ բոլոր մարմինների ձևավորումը, և մենք կսկսենք մեր նախընտրական խոստումների իրականացումը»,– ասաց Փաշինյանը` դրանց թվում հատկապես առանձնացնելով խոստացված տնտեսական հեղափոխության իրականացումը։

Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ընտրություններին մասնակցած, բայց անհրաժեշտ թվով ձայներ չհավաքած բոլոր քաղաքական ուժերին։ Իսկ նրանց ընտրած քաղաքացիներին խոստացավ. ««Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում կփորձի ներկայացնել նաև այն քաղաքական ուժերի ընտրողներին, որոնք չեն հաղթահարել արգելքը»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախընտրական արշավը նաև բուռն բանավեճերի, քննադատությունների ժամանակաշրջան է, բայց ժողովրդավարական ընտրությունների իմաստը կայանում է նրանում, որ ժողովրդի կամքի արտահայտությունից հետո քաղաքական ուժերը լծվում են այդ կամքն իրականացնելու գործին։

Ավարտելով խոսքը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնացին տեղամասեր ու իրենց ընտրությունը կատարեցին` ապահովելով ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների  կայացումը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am