Ձևավորվում է ԱԺ` առանց հստակ գաղափարական դիմագծի. ՀՅԴ–ն հայտարարություն է տարածել

Դաշնակցությունը խոսել է Ազգային ժողովի ընտրություններում պարտվելու մասին։

Խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Այս մասին նշված է ՀՅԴ–ի տարածած հայտարարության մեջ։

«Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը։ Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման, Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից, պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում, ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»,– նշել են դաշնակցականները:

Ըստ ՀՅԴ–ի` կարճատև քարոզարշավը կարևորվել է նրանով, որ իրենք ստացել են իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի իրենց պայքարին:

«Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ»,– նշված է հայտարարության մեջ։

ՀՅԴ–ն վստահ է, որ ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները ՀՅԴ–ի հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էին խոսում, ահազանգում դաշնակցականները:

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության նախնական արդյունքների համաձայն` «Իմ քայլը» ստացել է ընտրողների քվեների 70,44%–ը, «Բարգավաճ Հայաստանը»` 8,27%–ը, «Լուսավոր Հայաստանը»` 6,37%–ը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am