«Բարգավաճ Հայաստանը» լինելու է ժողովրդի ձայնը խորհրդարանում. Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որպես խորհրդարանական երկրորդ ուժ, շնորհավորել է գործընկերներին ու շնորհակալություն հայտնել ընտրողներին։

 Որպես խորհրդարանական երկրորդ ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ժողովրդի ձայնը խորհրդարանում և, հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը, շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և ի բարօրություն հայ ժողովրդի: Ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրապարակած ուղերձում։

Ըստ Ծառուկյանի` հանրության քվեով ձևավորված խորհրդարանը պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը:

«Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած և ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին: Վստահ եղե ՛ք, որ Ձեր յուրաքանչյուր քվեն իմ և իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, և այդ պատասխանատվությունը մենք անվերապահորեն իրացնելու ենք»,–ասված է ուղերձում:

Նա նաև շնորհավորում է խորհրդարան անցած գործընկերներին` «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, մաղթում արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի բարգավաճում Հայաստանի և Արցախի հանրապետությունների, ի շահ աշխարհասփյուռ հայրենակիցների:

Հիշեցնենք` դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, «Բարգավաճ Հայաստանը» ստացել է ընտրողների ձայների 8,27%–ը` դառնալով խորհրդարանի երկրորդ ուժը։ Առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է` 70,44%–ով, «Լուսավոր Հայաստանը»` 6,37%–ով` երրորդ տեղում է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am