«Տպավորիչ էր». Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վստահություն է հայտնել, որ խորհրդարանական ընտրության արդյունքը դրական կանդրադառնա Հայաստանի ապագա զարգացման վրա։

Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Նա (Գեորգի Մարգվելաշվիլին – խմբ.) ընդգծել է, որ ընտրության արդյունքը դրական կազդի Հայաստանի ժողովրդավարական զարգացման վրա», – գրված է Վրաստանի նախագահի կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։

Մարգվելաշվիլին հաջողություն է մաղթել Փաշինյանին հանրապետությունում բարեփոխումներ անցկացնելու հարցում և հույս հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամական հարաբերություններն ավելի կխորանան։

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին շնորհավորանքների և երկու երկրների զարգացման գործում Վրաստանի նախագահի անձնական ներդրման համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ է գնահատում Վրաստանին` որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր։

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով` ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):

Աղբյուրը՝ armeniasputnik.am