ՀԱՊԿ քարտուղարի թեման այնքան բուռն է եղել, որ հետո բոլորը բոլորից ներողություն են խնդրել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ երեկ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Հինգշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ կողմերին հաջողվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի հարցում պայմանավորվածության հասնել, և գլխավոր քարտուղար կարող է դառնալ «Բելառուսի ներկայացուցիչը»: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել:

«Պետության ղեկավարները, այդ թվում Ռուսաստանի նախագահը միանշանակ կողմ են, որ այս հարցը պետք է լուծվի մինչև նոր տարի (2019թ.)»,- «Բելառուս-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Էյսմոնտը:

Նա նաև նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այդ թեմայի քննարկումը «ոչ թե բուռն է եղել, այլ շատ բուռն». կրքերն այնքան են բորբոքվել, որ վերջում «բոլորը բոլորից ստիպված են եղել ներողություն խնդրել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվել։

armeniasputnik.am