Իշխանությունները գրպանից կհանեն ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, «աղմկահարույց» բացահայտումների, նոր սերիայի տեսահոլովակը․ Ա․ Հովհաննիսյան

Irakanum.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

– Տիկին Հովհաննիսյան երկու օրից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Ինչպե՞ս է սկսելու ՀՀԿ-ն, ինչ գործիքակազմ եք կիրառելու։

– Ընդամենը երկու օր հետո կտեսնեք, այն գործիքակազմերը, որ մենք կիրառելու ենք՝ իհարկե հաշվի առնելով ճնշումները, որոնք կան մեր թեկնածուների ու կուսակցության վրա, նոր իշխանությունների վարած քաղաքականությունը, այն հանգամանքը, որ նոր իշխանությունները, նախընտրում են կարեւոր խնդիրների քննարկումներից ուշադրությունը շեղել ավելի շատ տեսարանային գործիքակազմի վրա։

– Ի՞նչ ի նկատի ունեք տիկին Հովհաննիսյան։

– Նկատի ունեմ, որ չեմ բացառում, որ քարոզարշավի ընթացքում կարևոր խնդիրների քննարկումից ուշադրություն շեղելու համար իշխանությունները գրպանից կհանեն ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, «աղմկահարույց» բացահայտումների, ձերբակալությունների, կալանավորումների նոր սերիայի տեսահոլովակը: Հատկապես` դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ակնկալվող որոշման բացասական ազդեցությունը մեղմելու համար:

– Ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն փաստացի ոչ միայն պետք է համոզի, այլ նաեւ խնդրի ընտրողին։ Ի՞նչ եք կարծում այս պայքարում ինչ հաջողություններ կարձանագրի Ձեր կուսակցությունը: 

– Ոչ միայն Հանրապետականը, այլ յուրաքանչյուր քաղաքական ուժ, մասնակցելով ընտրություններին, ժողովրդից խնդրում է նրա վստահության քվեն։ Ոչ մի քաղաքական ուժ այս հարցում բացառություն չէ։ Անկախ նրանից, թե որքան ձայն կհավաքի հանրապետականը, մեր ամենամեծ հաջողությունը լինելու է այն, որ մենք միավորելու ենք մտահոգություններ ունեցող մարդկանց։ Այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներով, տնտեսության գահավիժմամբ, տված ու չկատարած բազմաթիվ խոստումներով:

– ՀՀԿ-ն տարածել էր հայտարարություն, թե իշխող քաղաքական ուժը խախտումներ է անում, մասնավորապես մարզային այցերը դիտարկվում են, որպես քարոզարշավ։ Բայց նման կերպ վարվում էր նաեւ ՀՀԿ-ն։

– Խնդրում եմ նշեք այն դեպքը, որ ՀՀԿ-ն աշխատանքային օրերին մարզային այցի անվան ներքո քարոզարշավ կատարեր՝ պնդելով, որ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է ու հետեւաբար հետեւաբար վարչապետը կարող է շոշափել քաղաքական հարցեր։ Ընդհանրապես՝ նախորդ իշխանությունների գործողություններին հղում կատարելը հիմա դարձել է այն ինդուլգենցիան, որով ամեն ինչ ներվում է նոր իշխանություններին, սակայն կարծում եմ՝ այս մոտեցումը կարող է կործանարար լինել մեր երկրի ապագայի համար։

– Տիկին Հովհաննիսյան տարօրինակ չէ, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն իսկ համակերպվել են, որ առաջին տեղում չեն լինելու։ ՀՀԿ-ն կոնկրետ, որ տեղի համար է պայքար տանելու։

– Տարօրինակ չէ, քանզի իրավիճակն է այդպիսին: Սա նորմալ վիճակ չէ, ու նորմալ ընտրական գործընթաց էլ չէ: Այս ընտրությունները պետք է կրեն իշխանափոխության էյֆորիայի դրոշմը։ ՀՀԿ-ն պայքարելու է , որ որպես իրական ընդդիմություն ունենա լուրջ ներկայացվածություն ապագա խորհրդարանում, մենք այսպես ենք տեսնում մեր մտահոգությունները բարձրացնելու եւ մեր ասելիքը խորհրդարանում լսելի դարձնելու ճանապարհը։ Իսկ ինչ կլինի ու ինչպես` կորոշի ընտրողը:

– Նախընտրական քարոզարշավը լավ առիթ է իշխանության թերությունները ի ցույց դնելու։ Դուք գտնում ե՞ք Նիկոլ Փաշինյանը արել է այնպիսի բաներ, որոնք սխալ էին։

– Նախ թերությունները մատնանշելու համար չենք սպասել քարոզարշավին: Հընթացս ևս ասել ենք: Իսկ սխաները բազմաթիվ են: Կարելի՞ է արդյոք ճիշտ քաղաքականության արդյունք համարել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարի 11.7 տոկոսից դարձել 6 տոկոս, ներդրումները կրճատվել են 11 անգամ կամ բոլոր կանխատեսումներով ՀՆԱ-ի աճի տեմպերը նվազում են։ Կարո՞ղ ենք արդյոք ճիշտ քաղաքականության արդյունք համարել այն, որ մենք հասել ենք այն իրավիճակին, որը պետությունը չի կարողանում երկու ամիս իրականացնել կուտակային կենսաթոշակային հատկացումները։ Մի հանգամանք եւս։ Այս իշխանության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սկզբում տրվում են չհաշվարկված եւ չկշռադատված խոստումներ, այնուհետ իրագործել այդ խոստումները ավելի վնասաբեր գործիքներով։ Մի կողմից հայտարարվում է, որ գործարարների համար միջավայր պետք է ստեղծվի, մյուս կողմից գործարարներին կանխակալ վերաբերում են որպես հանցագործի ու կիրառում են կոշտ գործիքներ, որը հակառակ արդյունքն է տալու: Աշխատատեղ չստեղծած , գործարար միջավայրը ու մասնավոր ոլորտը չբարելաված արդեն խոսում են հազարավոր կրճատումների, նպաստների վերացման, մարդկանց փողերն են ուզում հաշվել` հայտարարագրում մտցնելով: Հետո էլ ոնց կօգտագործեն` Աստված գիտի:

– «Խոպանչիներին» հարկելու գաղափարի վերաբերյալ Ձեր տեսակետը հայտնել եք, հետո երբ եղավ իշխանության արձագանքը խոստացել էիք մանրամասն ներկայացնել, թե որտեղ է թաղված «շան գլուխը»։ Հիմա կարող ե՞ք ասել։

– Ընդհանուր հայտարարագրումը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության 18-65 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներկայացնի հայտարարագիր Չեք գտնի մի երկիր, որ հայտարարագրումը լինի լինի ինքնանպատակ, կատարվի հենց այնպես։ Պետությունը հսկայական ծախսեր է կատարում համատարած հայտարարագրման համար մի պարզ պատճառով, որպեսզի հետո հարկի կամ տեսնի քաղաքացու եկամուտը։ Սրա արդյունքում 18-65 տարեկանը պետք է ցույց տա իր ստացած ամեն լուման, որն էլ պետք հարկվի՝ անկախ նրանից խոսքը արտագնա աշխատանքի մեկնածի մասին է, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի։

– Դժվար չէ առանց Սերժ Սարգսյանի, առանց այն լծակների որ նախկինում ունեիք գնալ ընտրապայքարի։

– Սա մարտահրավեր է, որին դիմակայելը հեշտ չէ, բայց իրականում ես հենց այսպես եմ տեսնում մեր երկրում քաղաքական համակարգի կայացումը: Իշխանություն եղած կուսակցությունը պետք է դառնա ընդդիմություն և հակառակը: Սա է դասականը, սա է ճիշտը և սա է ուղին, որով պետություն ու հասարակություն են կերտում:

– Ո՞րն է Ձեր կոչը ընտրություններին մասնակցող մյուս ուժերին։

– Առավելագույն ազնվություն ժողովրդի նկատմամբ, հանդուժողականության եւ հարգանք՝ ընտրապայքարի մեջ ընդգրկված այլ ուժերի նկատմամբ։

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

irakanum.am