Սփյուռքի ծանր հարվածը Նիկոլ Փաշինյանին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը, որն առաջինն էր թավշյա հեղափոխությունից հետո, ցույց տվեց, որ Սփյուռքի վստահությունը հայրենիքի նկատմամբ ամենևին չի ավելացել,  հակառակը՝ նվազել է: «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց ընդամենը 11 մլն 109 հազար 633 դոլար, որը մոտ 1,4 մլն դոլարվ ավելի քիչ է, քան անցյալ տարի: Իրավիճակը չփոխվեց անգամ այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելեց հիմնադրամի գրասենյակ, վարչապետի ֆոնդից նվիրաբերեց 1 մլն, իսկ իր անձնական միջոցներց՝ 500 հազար դրամ գումար: Փաշինյանը նաև տեսաուղերձով դիմեց մեր հայրենակիցներին՝ կոչ անելով հանգանակություն կատարել հօգուտ Արցախի: Բայց հավաքվեց այնքան, որքան հավաքվեց:

Համեմատության համար նշենք, որ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել էր 12, 505, 456 դոլար: Իսկ եթե դիտակելու լինենք ըստ տարիների, ապա այս տարվա գումարը նվազագույն սանդղակի միջակայքում է գտնվում: Այսպես՝  2004թ.-ին հեռուստամարաթոնը հավաքագրեց ավելի քան 11 մլն դոլարի նվիրատվություն, 2005թ.-ին՝ 7.77 միլիոն ԱՄՆ դոլար, 2006թ.-ին՝ 13,7 մլն դոլար, 2007թ.ին-՝ 15,275,000 ԱՄՆ դոլար, 2008թ.-ին՝ 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլար, 2009թ.-ին՝ 15.875.043 ԱՄՆ դոլար, 2010թ.-ին՝ 20,8 միլիոն դոլար, 2011թ.-ին 12.286.478 ԱՄՆ դոլար, 2012թ.՝ 21 422 477 ԱՄՆ դոլար, 2013թ.-ին՝ 22 661 372 ԱՄՆ դոլար, 2014թ.-ին՝ 12 399 550 ԱՄՆ դոլար, 2015թ.-ին՝ 10 378 465 ԱՄՆ դոլար, 2016թ.-ին՝ 15, 428.777 ԱՄՆ դոլար, 2017թ.-ին՝ 12.505.456 մլն ԱՄՆ դոլար:

Վերջին տարիների շարունակական նվազումը կապվում էր նախորդ ռեժիմի հանդեպ Սփյուռքի ունեցած անվստահությամբ: Սակայն Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ենթադրվում էր, որ այս առումով ևս տեղի է ունեցել իրավիճակի կտրուկ փոփոխությամբ: Ուստի վստահության բարձր աստիճանը պետք է արտահայտվեր խոշոր հանգանակությամբ՝ ապահովելով նախկինում գրանցված եթե ոչ ամենաբարձր, ապա գոնե միջին ցուցանիշ: Կա վարկած, որ այս տարվա հանգանակության ցածր ցուցանիշը պայմանավորված է եղել Ռուսաստանի մեծահարուստ հայերի ընդգծված պասիվությամբ: Անկախ պատճառներից, սակայն, փաստը մնում է  փաստ՝ հեղափոխական վարչապետի ու նրա թիմի հանդեպ Սփյուռքն ունի վերապահում և անվստահություն: Սա փաստ է՝ արտահայտված կոնկրետ թվերով: Սա նաև ծանր հարված է Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, որից պետք է համապատասխան հետևություն անել: Ժամանակին, երբ գործ էր հարուցվում հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ՝ նրան մեղադրելով հանգանակված միջոցները խաղատներում քամուն տալու համար, թերևս պետք էր մտածել նման հետևանքի մասին:

Հայկ Դավթյան

hayeli.am