ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է վարչական ռեսուրսի չարաշահման մեջ

Հայաստանի նախկին իշխող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում է վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ:

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է», – ասված է ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով»: