«Ինձ համար մարդկանց նման արձագանքը սպասելի էր». Անահիտ Մութաֆյանը՝ ԱԺ ընտրություններին ՀՀԿ ցուցակով մասնակցելու մասին

Արդեն հայտնի է, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության կողմից, ռեյտինգային կարգով՝ թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը: Սակայն այս մասին հայտարարվելուց ի վեր, համացանցում բուռն քննարկումներ են, որոնցում օգտատերերը սուր քննադատության են ենթարկում Անահիտ Մութաֆյանին:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում զրույց է ունեցել Անահիտ Մութաֆյանի հետ: Վերջինս նշեց՝ թեև սրտնեղում է իր նկատմամբ մարդկանց չարությունից, բայց ներողամտորեն է վերաբերվում նրանց:

«Ինձ համար մարդկանց նման արձագանքը սպասելի էր, ես վստահ գիտեի, որ հենց այսպես են մարդիկ արտահայտվելու: Միաժամանակ՝ գիտեմ, որ խնդիրը իմ անձի մեջ չէ, այլ մարդկանց նեղվածությունը ՀՀԿ-ի նկատմամբ: Ցավոք, մեր ժողովուրդն իր բոլոր խնդիրներում մեղադրում է պետությանը, իշխանությանը. Անցյալ 20 տարիների ընթացքում իշխանությանը եղել է ՀՀԿ-ն և մարդկանց զայրութն ուղղված է նրանց, իսկ 20 տարի հետո մարդկանց զայրութն ուղղված կլինի ներկայիս իշխանությանը: Խնդիրը նրանում է, որ ամբոխն անշնորհակալ է, նրանք ոչնչով չեն բավարարվում և ոչնչից չեն ուրախանում: Ամեն ինչ պարզ է՝ սրանից վեց ամիս առաջ տեղի ունեցածից  հետո 2-3 ամիս մարդկանց մեջ կար էյֆորիա, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց հիմա արդեն դա հետընթաց է ապրում և մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր սկսել են բողոքել: Սա ժողովրդի խնդիրը չէ, ամեն ինչ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքի և աղքատության մեղավորության մեջ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Ա. Մութաֆյանի կարծիքով՝ ժողովրդին իշխանությունը չէ, որ աղքատության է հասցնում:

«Փնտրող, պրպտող ու աշխատող մարդը նույնիսկ Հայաստանի հանրապետությունում գտնում է իր աշխատանքն ու վաստակում է իր օրվա հացը, իսկ նա ով, չի ուզում աշխատել, միշտ գտնում է պատճառներ և մեղավորներ»,- նշեց նա, իսկ դիտարկմանը, որ փաստորեն ըստ նրա՝ ստացվում է, որ Հայաստանում  բոլոր բուհ ավարտածներն ու աշխատասերները աշխատանք ունեն, իսկ մյուսները ուղղակի աշխատասեր չե՞ն, պատասխանեց.

«Ես դա նկատի չունեի: Չեմ ուզում արդարացնել նախկին իշխանություններին, քանի որ նրանք էլ էին սխալներ գործում և նրանց սխալների պատճառով ժողովուրդը վրդովվեց: Ինքս նախկին իշխանության օրոք պաշտոն չեմ ունեցել, և այսօր էլ չունեմ, չեմ ունեցել բիզնես, և այսօր էլ չունեմ, հիմա ես ստանում եմ նույն աշխատավարձը, ինչ նախկինում: Ես ստանում եմ այնքան աշխատավարձ, որքան իմ կոլեգաները, բայց ես փորձել եմ ինչ-որ բաներ պրպտել, որպեսզի գումար վաստակեմ: Իմ սոցիալական դիրքը մնացել է նույնը, այսօր էլ ես շարունակում եմ պրպտել՝ նախկինում և այսօր հասկանալով, որ պետության հնարավորությունները սահամանափակ են»:

Հարցին, թե դերասանուհին, որո՞նք է համարում նախկին իշխանության գլխավոր սխալները, նշեց.

«Նրանց սխալը կայանում էր նրանում, որ նրանք ժողովրդի հետ չէին խոսում ժողովրդի լեզվով: Մեր ժողովրդին միշտ հետաքրքիր է «հետնաբեմը», բայց նախկին իշխանությունները նրանց հետ փորձում էր խոսել քաղաքական տերմիններով, իսկ մեր ժողովդրին դա լկտիություն էր թվում: Բացի այդ, նախկին իշխանությունների շուրջ շատ-շատ միֆեր հյուսվեցին. Ինքս հավատացել եմ այն առասպելին, որ Սաշիկ Սարգսյանը բոլոր բիզնեսմենների հետ 50% փայ ունի, բայց արդեն վեց ամիս է, ինչ նոր իշխանությունը կա, և ոչ մեկ չկանգնեց ու ասի, որ իր հետ նա իսկապես փայ ունի: Ինքս արդեն ոչինչ չեմ հասկանում: Պարզապես ճանաչելով ու շատ սիրելով իմ ժողովրդին՝ գիտեմ նրանց յուրահատկությունները. Մենք՝ հայերս, մեզ համար ստեղծում ենք ազգային հրեշներ, վախենում ենք նրանցից ու հետո սկսում պայքարել նրանց դեմ»:

Անահիտ Մութաֆյանը նկատեց նաև՝ ընտրվելու վստահություն չունի.
«Վստահ չեմ, որ կընտրվեմ, նախ որովհետև կա համամասնային էյֆորիա,  հետո սա իմ առաջին լուրջ քայլն է քաղաքականության մեջ: Իմ հույսն ու ցանկությունը միայն մեկն է՝ հանդիպել իմ ժողովրդի հետ ու լսել նրանց հուզող խնդիրների մասին»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ հաճախ է նշվում հայտնի խոսքը՝ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, և հարցին, թե գուցե Անահիտ Մութաֆյանը պետք է իր գործով զբաղվեր ու չմտներ քաղաքականություն, դերասանուհին ժպիտով նշեց.

«Այդ խոսքը արդեն ութ տարի է, ինչ լսում եմ իմ հարազատներից ու ընկերներից, վերջին հինգ օրերին անծանոթ մարդկանցից եմ լսում ափսոսանքի խոսքրեր, որ զբաղվեմ դերասանությամբ ու չմտնեմ քաղաքականություն: Պետք է ընդունել, որ կան հրաշալի օրինակներ, երբ դերասանները դարձել են քաղաքական գործիչներ: Ես միշտ հոսանքին հակառկ եմ շարժվում, բնավորությամբ «ազարտնիկ» եմ, ես գիտեմ ինչ խաղադրույք եմ դրել հիմա, այն է՝ ժողովրդի սերն իմ հանդեպ՝ որպես դերասանուհի: Ես պատրաստ եմ անգամ այս ամեն ինչից հետո լինեմ էկրանին ու մի լավ դեր խաղալուց հետո չարժանանամ ժողովուրդի սիրուն: Այնուամենայնիվ, ես միշտ կմնամ իմ ժողովրդի ծառան՝ անկախ նրանից կլինեմ քաղաքականության, թե բացառապես արվեստի մեջ: Միայն ուզում եմ շեշտել՝ հիմա քաղաքականության մեջ եմ մտել ճշմարիտ խոսքն ասելու համար, ես խղղճում եմ իմ ժողովդրին, որ նրանք խաբված են»:

life.panorama.am