Փաշինյանն ու Ալիևը իրար հետ «չատ» չեն անում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ երբ ինքը հայտարարել էր, թե Ալիևի հետ օպերատիվ կապ է ստեղծվել, շատերը դա ճիշտ չէին ընկալել։
«Ոմանք ընկալել էին, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ ամբողջ օրը չատ ենք անում կամ առավոտից երեկո հեռախոսով խոսում ենք։ Իհարկե, այդպես չէ։ Ներկայացուցիչների միջոցով օպերատիվ կապ է հաստատվում`ըստ անհրաժեշտության։ Եթե անհրաժեշտություն չկա, կապ չի հաստատվում»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով արցախյան խնդրին` նա նշեց, որ հարցն առանցքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ու եթե նախկինում այս խնդիրը և բանակցային գործընթացը համարվում էր գաղտնի, որից տեղյակ էին միայն սահմանափակ թվով մարդիկ, ապա այժմ Փաշինյանը խոստանում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի տեղյակ լինի դրան։
Նշենք, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ալիևի հետ «բլից» հանդիպման ժամանակ որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։
Աղբյուրը՝ armeniasputnik.am