«Տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել». Նիկոլ Փաշինյանին վրդովեցրել էր Գեղարքունիքի մարզի ճանապարհների աղբը (Տեսանյութ)

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վրդովեցրել են հանրապետության տարբեր ճանապարհներին առկա աղբակույտերը, այսօր այդպիսի մի աղբակույտ նա նկատել է դեպի Մարտունի ճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտ։

«Հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, մի ակնթարթ տևեց, բայց ես սարսափեցի, որովհետև էնտեղ երկու հատ հսկայական խանութ կա և դրանից 10 մետր էն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, որ սեփականատեր չկա. ո՞ւր է նայում մարզպետարանը։ Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետև այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ», – այսօր Մարտունիի կենտրոնում բնակչության հետ հանդիպման ժամանակ ջղայնացած հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա նույնիսկ սպառնաց. «Ես հիմա շատ լուրջ զբաղվելու եմ այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել ու …։ Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել։ Նրանք մեզ սովորեցրել էին քաղաքական աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք այդ քաղաքական աղբը։ Հիմա մենք պետք է մաքրենք նաև այդ ֆիզիկական աղբը, պիտի մաքրենք նաև մտավոր, բարոյական աղբը։ Պիտի մաքրենք հուսահատության աղբը, որովհետև մենք չենք հանդուրժելու որևէ աղբի գոյությունը, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյան ունի, ով Յուրի Վարդանյանի նման մարդիկ ենք ունեցել, որ հերոսներ ենք ունեցել ու ունենք»։

 

Աղբյուրը՝ aysor.am