«Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք». Փաշինյան (Տեսանյութ)

Ով ուզում է «քյար» ունենա, պետական պաշտոնյա չպետք է աշխատի, որովհետև պետական պաշտոնյայի առաքելությունը ծառայելն է, այսօր Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետական պաշտոնյայի աշխատավարձերը պետք է բարձրանան, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ նրա աշխատանքի արդյունքում երկրի եկամուտները կբարձրանան։

«Հեղափոխության նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունը աշխատանքի քաջալերումն է։ Մենք մարդկանց պետք է օգնենք, աջակցենք, որ իրենք իրենց հուսահատության, ուրիշի ողորմածության կարիքն ունեցողի հոգեբանություն Հայաստանում չլինի։

Հայաստանը պետք է լինի հնարավորությունների երկիր։ Այսօր մարդիկ ամեն ինչի հնարավորություն ունեն, ընդհուպ՝ պատգամավոր ընտրվելու, բիզնես դնելու», – հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ խիստ են պայքարելու ու կաշառք վերցրած ցանկացած մարդու «հատ-հատ» բռնելու են։

«Հետո թող չգնան հարազատներով ճամփա փակեն։ Ինչ ուզում են, թող անեն, ներում-բեկում չկա։ Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք բոլոր էդ մարդիկանց։ Հույս ունեմ՝ այս ուղերձը լուրջ կընկալվի», – նշեց Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը՝ aysor.am