«ՀՀԿ-ի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները չէին վխտում և Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում». Շարմազանով

Այսօր ԱԺ նիստում թեժ մթնոլորտում չընդունվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Դրանով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրել նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչև գահակալության ավարտը, մինչդեռ այսօր այդ պահպանությունից օգտվելու համար Կաթողիկոսը պետք է դիմի կառավարությանը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը վրդովված լքեց նիստերի դահլիճը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ օրինագիծը չէր բերվում ՀՀԿ-ի իշխանության ժամանակաշրջանում:

«Որովհետև Հանրապետականի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները չէին վխտում և Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, Վեհարանի գրավման փորձեր չէին կատարում և Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա հարձակումներ չէին կատարվում: Այ, դրա համար դրա անհրաժեշտությունը չկար: Իսկ էս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք և՛ Վեհարանի գրավման փորձեր, և՛ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և՛ աղանդավորության քարոզ, և՛ գոմիկության քարոզ: Այ, դրա համար մենք էսօր բերել ենք այս օրենսդրական նախաձեռնությունը»,- ասաց Է.Շարմազանովը:

168.am-ի դիտարկմանը, որ այդ միջադեպերը քննվում են և Փաշինյանն էլ իր դիրքորոշումը հայտնել է, Է.Շարմազանովը պատասխանեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի այդ կարևորագույն հարցերը կախված լինեն Փաշինյանի կամ վաղվա իշխանության քաղաքական կամքից:

Նրա խոսքով՝ կա Սահմանադրություն և ըստ դրա ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ և իրենք տեսնում են այդ վտանգներն ու փորձում են տալ ուղիղ օրենսդրական լուծումներ:

Նա նաև հարցադրում արեց՝ ի՞նչն էր խնդիրը, որ իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին:

Աղբյուրը՝ 168.am