Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում. «Հետք»

Հայաստանից դուրս եկող միլիոնավոր դոլարներն արտերկրում դառնում են ներդրում, մասնավորապես, անշարժ գույքի տեսքով: Հայ պաշտոնյաները, օլիգարխներն ու տարբեր գործարարներ մեծածավալ գույք են ձեռք բերել բազմաթիվ երկրներում: Նրանց շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող վայրերից մեկը Դուբայն է:  

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքը, որն իր շքեղությամբ Արեւելքի մարգարիտ կոչվելու բոլոր իրավունքներն ունի, օր-օրի ավելի ու ավելի շատ մարդկանց է գրավում: Դրանք ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկներ են աշխարհի տարբեր ծայրերից, այլեւ մեծահարուստներ, ովքեր նախեւառաջ անշարժ գույք են գնում այստեղ:

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից տվյալներ ենք ստացել Դուբայում անշարժ գույքի հայ սեփականատերերի մասին:

OCCRP-ն, մեջբերելով «Tax Justice Network» միջազգային անկախ փաստաբանական խմբին, հայտնում է, որ աշխարհի ոչ թափանցիկ իրավասությունների շարքում Դուբայը 9-րդն է: Այս քաղաքի եւ համանուն էմիրության առանձնահատկություններից են թափանցիկության բացակայությունը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումները եւ ներդրվող հսկայածավալ փողերի ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը, ինչը Դուբայը դարձրել է դրախտ քրեական խմբավորումների, ահաբեկիչների, դիկտատորների ու բոլոր նրանց համար, ովքեր ապրում են հանցագործություններով եւ կոռուպցիայով: Դուբայը դարձել է վայր, որտեղ աշխարհի ուժեղները կարող են խուսափել հարկերից եւ պատժամիջոցներից, իրենց երկրների իրավապահների աչքից հեռու զբաղվել փողերի լվացմամբ ու ակտիվներ թաքցնելով:

«C4ADS» շահույթ չհետապնդող կազմակերպությունն OCCRP-ին տրամադրել է տվյալներ, որոնք հավաքվել են անշարժ գույքի ոլորտի տարբեր մասնագետների կողմից: Տվյալների բազայում առկա է մոտ 54 հազար հասցե եւ 129 հազար սեփականատեր աշխարհի 181 երկրից: Այս մարդկանցից շատերը որեւէ իրավախախտման մեջ չեն մեղադրվում, սակայն քաղաքական գործիչների եւ մեծահարուստ անձանց անունները հարցեր են առաջացնում: Կան նաեւ պատժամիջոցների ցուցակներում ներառված անձինք, արդարադատությունից խուսափող դեմքեր եւ այլ անհատներ, որոնց բոլորի ներկայությունը Դուբայում ցույց է տալիս, թե  կասկածելի անձանց որքան գրկաբաց է ընդունում այս քաղաքը:

dubai uae.jpeg (1.41 MB)

Այս ֆոնին արժե հիշեցնել, որ Վաշինգտոնում գործող «Global Financial Integrity» հետազոտական եւ խորհրդատվական կազմակերպությունը, որը պարբերաբար զեկույցներ է հրապարակում զարգացող երկրներից ապօրինի ֆինանսական հոսքերի մասին, 2015-ին նշել էր, որ 2004-2013 թթ. Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել 9,8 մլրդ դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրի արտաքին պարտքն այդ նույն հատվածում 1,2 մլրդ դոլարից հասել էր 3,8 մլրդ-ի, իսկ արդեն այս տարվա սեպտեմբերին այն կազմել է 5,4 մլրդ դոլար:

«Հետքի» ձեռքի տակ գտնվող ցուցակում առկա են նախկին ու ներկա հայ պաշտոնյաների, գործարարների, նրանց հարազատների անուններ: Ճիշտ է, նույն գործարարներից ոչ բոլորն են հայտնի ու հանրության համար հետաքրքրություն ներկայացնող, սակայն կան անուններ, որոնք ժամանակին կարեւոր դերակատարում են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ (չենք ասում ՝ դրական կամ բացասական): Մենք չենք պնդում, որ ստորեւ ներկայացվող անձինք Դուբայում անշարժ գույք են գնել «կեղտոտ» փողերով, սակայն նրանց ունեցվածքը (հատկապես՝ պետական պաշտոնյաների) մտածելու տեղ է տալիս:

*Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել գույքի հասցեներն ու հայ սեփականատերերի անունները

ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանը Դուբայի հնաբնակներից է

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթի Դավթյանը Էջմիածնից է, ԱԺ առաջին անգամ մտել է 2012-ին՝ պատգամավոր ընտրվելով ԲՀԿ-ի համամասնական ցուցակով: Ըստ պաշտոնական կենսագրության՝ 1995-2001 թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ, 2001-ից «Գրանտ-գրուպ» իրավաբանական անձանց միության նախագահն է: 2012-2017 թթ. խորհրդարանում անցկացնելուց հետո Դավթյանը կրկին պատգամավոր է դարձել այս տարվա հունիսին: Սյունիքի ու Վայոց ձորի մարզերից «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր դարձած Մերուժան Սիմոնյանը հրաժարվել էր մանդատից, սակայն տարածքային ցուցակի մյուս թեկնածուները ինքնաբացարկ էին հայտնել, ու արդյունքում մանդատը բաժին էր հասել համամասնական ցուցակում ընդգրկված Հրանտ Դավթյանին:

«Հետքը» 2017-ին գրել էր պատգամավորության թեկնածու Հ. Դավթյանի հայտարարագրած գույքի եւ եկամուտների մասին, որը նա ներկայացրել էր ԿԸՀ-ին: Այդտեղ Դուբայում ունեցած տան մասին որեւէ խոսք չկա: Այս տարի վերստին պատգամավոր դառնալուց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նա իբրեւ անշարժ գույք նշել է մեկ առանձնատուն, մեկ հողամաս ու երկու բնակարան:

Հ. Դավթյանի արտասահմանյան գույքը գտնվում է Դուբայ Մարինա շրջանում, որը բավականին արագ զարգացող եւ կառուցապատվող, գերժամանակակից շենքերից կազմված շրջան է: ԱԺ պատգամավորը բնակարանի սեփականատեր է, որը գտնվում է «Al Sahab» համալիրում: Սա 44 եւ 24 հարկ ունեցող երկու աշտարակներից բաղկացած կառույց է, որի հեղինակը «Emaar» ընկերությունն է: Վերջինս Դուբայի ամենախոշոր կառուցապատողներից է, բավական է ասել, որ հենց «Emaar»-ն է կառուցել աշխարհի ամենաբարձր՝ գրեթե 830 մ բարձրություն ունեցող «Բուրջ Խալիֆա» աշտարակը: Հրանտ Դավթյանի բնակարանը գտնվում է «Al Sahab»-ի առաջին՝ 24-հարկանի աշտարակի 7-րդ հարկում:

«Հետքի» թղթակցի հետ զրույցում պատգամավորը չի թաքցրել, որ գույք ունի Դուբայում, չնայած ասում է, թե իր անունով չէ: Իրականում բնակարանի սեփականատերը, ըստ մեր տվյալների, հենց Հ. Դավթյանն է:

Դուք անշարժ գույք ունե՞ք Դուբայում:

-Այո:

Ի՞նչ գույք է եւ ե՞րբ է հայտարարագրվել:

-Հայտարարագրումը չգիտեմ, ես կոնկրետ չգիտեմ, թե երբ ա հայտարարագրվել: Դրա մասին չգիտեմ: Կոնկրետ իմ անունով չի երեւի, կարող ա դրա համար չի հայտարարագրվել:

Այսինքն՝ Դուք չգիտե՞ք հաստատ ձեր անունով էթե ոչ:

-Ես գիտեմ, իմ անունով չի, դրա համար երեւի չի հայտարարագրվել:

Ձեր ընտանիքի անդամներից մեկի՞նն է:

-Այո:

Բնակարա՞ն է:

-Այո, 80 քառակուսի ա, ինչ ա: Գիտե՞ս՝ որ թվերին ա եղել, երեւի 15 տարի առաջ:

Որ ձեռք բերեցիքայդ ժամանակ պատգամավո՞ր էիք:

-Չէ, չէ, 15 տարի առաջ ա եղել: Մենք բիզնես ունեինք այնտեղի հետ:

Հիմա էլ ունե՞ք այդ բիզնեսն այնտեղ:

-Չէ, տուրիստական բան էր, էլի, բիզնեսը ո՞րն ա:

Ի՞նչ նպատակով էիք ձեռք բերել Դուբայում բնակարան:

-Դե, մենք որ տուրիստականը 15 տարի առաջ ընդեղ աշխատում էինք, ապրանքներ էինք բերում-տանում, գործնական ընդեղ ապրում էինք: 80 քառակուսի է, թե 90, կարծեմ՝ 86: Փոքր բան ա: Հյուրանոցներից էժան էր էն վախտ, դրա համար էի վերցրել:

Եթե գաղտնիք չէու՞մ անունով է բնակարանը:

-Հարազատ, էտի կարամ վաղը ասեմ, վաղը ճշտեմ, ասեմ: Վախենալու բան չկա, արխային:

hrant-davtyan (1).jpg (92 KB)

Այսինքն՝ ըստ պատգամավորի, գույքը ձեռք է բերել 2000-ականների սկզբներին: Այս առումով արժե հիշել, որ Դավթյանն ու նրա էջմիածինցի ընկեր, Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, որն այն ժամանակ անկախ պատգամավոր էր, 2005-ի հունվարին Դուբայում տհաճ պատմության մեջ էին հայտնվել: Տեղի ոստիկանությունը նրանց ձերբակալել էր: Դավթյանին կասկածում էին «Զիլի» բրենդային խանութից երկու մուշտակ գողանալու մեջ: Հայկական մամուլում նույնիսկ հրապարակում եղավ, որ դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել («Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածի հեղինակը ճակատագրի հեգնանքով այսօր Դավթյանի գործընկեր, կուսակից Նաիրա Զոհրաբյանն էր): Հակոբ Հակոբյանը հետագայում հայտնել էր, որ մեղավորը եղել է խանութի դրամարկղի աշխատողը, որը Հ. Դավթյանի առեւտուրը հաշվելիս մեկ 0 պակաս է գրել, եւ 8800 դոլարի փոխարեն ստացվել է 880, իսկ քարտով առեւտուր անող Դավթյանը սխալը չի նկատել եւ վճարելուց հետո խանութից դուրս է եկել: Ահազանգ ստացած ոստիկաններն այնուհետ գնացել են Դավթյանի հետեւից ու ձերբակալել նրան:

Ընկերոջ հետ կատարվածը պարզելու համար բաժին էր գնացել Հ. Հակոբյանը՝ իր որդու հետ, որոնց տեղում ձերբակալել էին՝ հայտնելով, թե Հակոբյանը հետախուզվում է Ինտերպոլով: Ավելի ուշ պարզվել էր, որ հետախուզվողն այլ անձ էր՝ Հակոբ Ռաֆիկի Հակոբովը, ով արդեն ձերբակալվել էր, սակայն Ինտերպոլի ցուցակներից դուրս չէր բերվել: Հ. Հակոբյանին ու որդուն ավելի շուտ էին բաց թողել, քան Դավթյանին:

Մեր տրամադրության տակ գտնվող տվյալները հուշում են, որ Հրանտ Դավթյանն ու Հակոբ Հակոբյանը ոչ միայն ընկերներ են, այլեւ հարեւաններ: Եվ ոչ թե Էջմիածնում, այլ Դուբայում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում