Արայիկ Հարությունյանը մեծագույն հաճույքով կազատվեր ռեկտորների մեծ մասից, բայց ռեկտորների թեկնածուներ չունեն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը բավական բարդ խնդրի առջև է կանգնել՝ կապված բուհերի ռեկտորների հետ: Հարցն այն է, որ նախարար Արայիկ Հարությունյանը մեծագույն հաճույքով կազատվեր ռեկտորների մեծ մասից, առաջին հերթին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից:

Մեր տեղեկություններով, առաջնային խնդիրը ոչ այնքան ռեկտորների՝ իրենց աթոռներից կառչած լինելու հանգամանքն է, որքան համապատասխան փոխարինողներ գտնելու դժվարությունը: Դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցողները քիչ չեն, սակայն «խանգարում» է երկու այլ գործոն, ավելի ստույգ՝ դրանց համադրությունը: Խոսքը ղեկավար աշխատանքի առնվազն երեք տարվա ստաժի մասին է մի կողմից, և վստահելի լինելու հանգամանքի մասին է՝ մյուս կողմից: Մեր աղբյուրները պնդում են, որ բավական բարդ է այս բոլոր հանգամանքների համադրումը: Գիտական աստիճանի, գիտական կոչման ու ղեկավարման երեք տարվա փորձ ունեցողներ, անշուշտ, կան, սակայն նրանց մի մասի անունները ևս ասոցացվում են նախկինների ու նախկին համակարգի արատավոր երևույթների հետ, ընդ որում՝ երբեմն ավելի շատ, քան գործող ռեկտորների մեծ մասինը: Եվ հետո, գրեթե անհնար է դարձել նրանց մեջ գտնել, այսպես ասած, լիարժեք վստահելիների:

Կոնսերվատորիայի ու թատերականի խնդիրը, կարծես, գոնե ժամանակավոր լուծվեց, սակայն մյուս բուհերի առումով սպասողական վիճակ է: Մեր տեղեկություններով, նշյալ խնդիրներն են խոչընդոտում նաև Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության հարցը»: