Վարդան Այվազյանի հիմնած ընկերության կապը ոսկու ապօրինի արդյունահանման հետ քննում է դատախազությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի հեևանքով խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանքարդյունաբերող ընկերությունը «Վայքգօլդ» ՍՊԸ-ն է:

Այժմ այս ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Բայց ուշագրավն ընկերության սեփականատիրոջ անունն է: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նշենք, որ «Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, իսկ գործողության ժամկետը մինչև 2037 թվականն է»: