Մեր տեսակը պետք է այս երկրին, ես սրա համար եմ քաղաքական դաշտում. Արամ Սարգսյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ընկերական հարաբերությունները չեն խանգարի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ասել այն, ինչ մտածում է։

«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, գիտեն, որ ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ։ Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին։ Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես կարողանամ իմ առանձնահատուկ տեսակետն ասեմ», – այսօր «Մենք» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատները» ստեղծում են դաշինք՝ «Մենք» անունով։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության՝ ընդդիմադիր լինելուն, Սարգսյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» և Հանրապետական կուսակցությունները կարող են դաշինք կնքել, քանի որ գաղափարական առումով նույն հարթության վրա են, կողմ են, օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը։

«Ես այլընտրանք եմ իրենց, ոչ թե հակառակորդն եմ, որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ, դրա համար «Ազատ դեմոկրտաների» հետ ենք դաշինք կնքում, որոնք մշտապես արևմտյան արժեքների կողմնակիցն են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները ոչ թե Ռուսաստանում են, այլ՝ արևմուտքում», – նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իրենց՝ ընդդիմադիր լինելը օգնելու է իշխանություններին։ «Մեր հակադրությունը երկրին օգուտ տալու մեջ է, մեր տեսակը պետք է այս երկրին։ Ես սրա համար եմ քաղաքական դաշտում։ Եթե հարմարվեի, եթե գրպանային լինեի, ինչի՞ս էր պետք նոր դաշինք ստեղծելը, ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինձ առաջարկ չէ՞ր անի իրենց ցուցակով միասին գնալ։ Այդ առաջարկը եղել է», – նկատեց Սարգսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե, մասնավորապես, ինչի՞ շուրջ է առաջարկ եղել ՔՊ-ից, Սարգսյանն ի պատասխան ասաց, որ և Նիկոլ Փաշինյանը, և ՔՊ անդամ պատգամավորները առաջարկել են իրեն միասին մասնակցել ընտրություններին։

«Այդ ժամանակ քննարկվում էր միասին մասնակցել խորհդրարանական ընտրություններին։ Եվ քանի որ քաղաքային ընտրությունները առաջ ընկան, ՔՊ-ն որոշեց սեփական ուժերով հանդես գալ այդ ընտրություններում, իսկ այդ ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն ունի ավելի քվե, քան իրեն պետք է ու հիմա իր հետ նորից դաշինք ձևավորելը անիմաստ էր ու այդ թեմայով բանակցությունները չշարունակվեցին ու ես էլ չփորձեցի շարունակել», – ներկայացրեց Արամ Սարգսյանը։

aysor.am