Լիլիթ Մակունցը լավ կրթություն ու դաստիարակություն ունի, բայց նա եկել է մի ասպարեզ, որն իր համար շատ ծանր է և բարդ. Թովմաս Պողոսյան

Արդեն երկու օր է, բուռն քննարկվում է Մշակույթի նախարարության կողմից՝ Թովմաս Պողոսյանին ֆինանսական աջակցություն չտրամադրելու հարցը, նա խնդրել էր ավտոբուսի համար գումար հատկացնել, որպեսզի Արցախում բարեգործական համերգ իրականացնի:

Life.panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը նշեց, որ ինքը բացառապես ավտուբուսի գումար է խնդրել.

«Ռուսաստանում ես ունեմ շատ հարազատ ու սրտացավ մարդիկ, ընկերներ, բարեկամներ, որոնք իրենց մեծ աջակցությունն էին ցուցաբերել, որպեսզի Արցախում մեր զինվորների համար նախատեսված համերգն իրականանա: Ես Մշակույթի նախարարությունից միայն ավտուբուսի գումար էի խնդրել: Իմ հարազատները հոգ էին տարել և Արցախում հյուրանոցային համարներ էին ամրագրել, մտածել էին ամեն ինչի մասին, մնում էր միայն ավտուբուսի գումարը, այն էլ Մշակույթի նախարարությունից ինձ ասացին, թե ուշ եմ դիմել: Ես պաշտոնական նամակով դիմել էի, և նույն կերպ էլ պատասխան նամակ ստացա, ընդ որում՝ կարծես թե ոչ Լիլիթ Մակունցի ստորագրությամբ»,- նշեց Թ. Պողոսյանը՝ հավելելով.

«Թեև մեզ այդպես էլ գումար չհատկացվեց, բայց մենք, միևնույն է, մեր սուղ միջոցներով մեկնել ենք Արցախ ու համերգ տվել մեր զինվորների համար»:

Թովմաս Պողոսյանը նկատեց, որ նախկին Մշակույթի նախարարներն իրեն հարգանքով են վերաբերվել.

«Ես կարծում էի, որ նոր նախարարը ավելի լավը պետք է լիներ, քան նախորդները: Այնուամենայնիվ, ես իր մասին դրական կարծիքի եմ այնքանով, որ նա լավ կրթություն ու դաստիարակություն ունի, բայց նա եկել է մի ասպարեզ, որն իր համար շատ ծանր է և բարդ, ու իմ կարծիքով՝ չի հասցնում կատարել աշխատանքները: Ինչևէ, ես ներողամտորեն եմ վերաբերվում իրեն, բայց իմ խնդրանքը մերժելը համարում եմ սխալ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե առաջիկայում նոր կառավարության կազմավորման ժամանակ ո՞ւմ կցանկանար տեսնել ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում, Թ. Պողոսյանը նշեց.

«Սա հարց է, որն ինձ չի վերաբերվում: Կարծում եմ՝ Մշակույթի նախարար պետք է լինի ոչ թե մշակութի մարդ, այլ քաղաքական գործիչ՝ ազգային բարձր դաստիարակությամբ և ազգային լուրջ նկարագրով»:

life.panorama.am