Մենք ապստամբներ ենք, խոշոր հաշվով՝ մեզ համար միևնույն է՝ համաներումը մեզ վրա կտարածվի, թե ոչ. Վարուժան Ավետիսյան

«Չեմ ուզում մեկնաբանել Վալերի Օսիպյանի հայտարարությունը։ Մեզ համար միևնույն է, մենք ապստամբներ ենք, անպարտ ենք օրենքի առաջ և ազատ ենք լինելու։ Հակառակ պարագայում, մեր ժողովուրդն իր խոսքը կասի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նախկին պատանդ Վալերի Օսիպյանը նախօրեին ԱԺ-ում լրագրողներին ասել էր, թե կիսում է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հարազատների կարծիքը։ «Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել ենք մեր լավագույններին, ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նաև նշված է, որ թե՛ պատանդների կարծիքը, թե՛ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել: Ես կողմ եմ այդ կարծիքին: Նաև իմ և մյուս մեր ընկերների կարծիքը, որոնք պատանդ են եղել, պետք է հաշվի առնել»,- ասել էր Վալերի Օսիպյանը:

Նշենք, որ համաներման տեքստում սպանվածների իրավահաջորդների մասին խոսք չկա: ԱԺ կայքում հրապարակված նախագծում ասվում է, որ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում պահված ու ֆիզիկական վնաս կրածները պետք է չառարկեն, որպեսզի «Սասնա ծռերը» կարողանան համաներվել: «Ես կարծում եմ, որ ամեն դեպքում համաներումը կտարածվի «Սասնա ծռեր»-ի վրա, բայց մենք այդպիսի ակնկալիք չունեինք, մենք համաներման ակնկալիք չունեինք։ Մենք գիտենք՝ ինչ ենք արել, ժողովուրդն էլ գիտի՝ մենք ինչ ենք արել, և մենք մեր ժողովրդի առաջ ենք պատասխանատու։ Իսկ ժողովուրդն իր գնահատականը տվել է։ Բացի դրանից՝ ես բոլորին հորդորում եմ համաներման տեքստից չշեղվել։ Համաներման տեքստում զոհվածների հարազատների վերաբերյալ որևէ նշում չկա։ Դա կեղծ տեղեկատվության հիման վրա շրջանառվող պնդում է»,-մեզ հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը։

Մեր դիտարկմանը, որ սպանվածների հարազատների կարծիքի հետ հաշվի նստելու մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նախօրդ ուրբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ, Ավետիսյանը պատասխանեց. «Նախարարը երևի շփոթվել է։ Տեքստում նման բան չկա գրված։ Դա, հավանաբար, իր անձնական տեսակետն է»։

Այսինքն՝ կարծում եք, որ որևէ խոչընդոտ չկա՞, որ ձեր նկատմամբ համաներում կիրառվի, պատանդի կարգավիճակում գտնված Օսիպյանի դեմ լինելը բավարար չէ՞՝ հարցրինք Ավետիսյանից. «Նախ ասեմ, որ Վալերի Օսիպյանը չի կարող գործով պատանդ ճանաչվել, քանի որ նա ազատ է արձակվել հենց խմբի կողմից: Եվ հետո ենթադրենք, թե խոչընդոտներ լինեն, հետո ինչ։ Թող լինեն։ Խոշոր հաշվով՝ մեզ համար միևնույն է, համաներումը մեզ վրա կտարածվի, թե ոչ»։

Նշենք, որ որոշում կայացվի համաներում տարածել «Սասնա ծռեր»-ի նկատմամբ, ապա համաներումը տարածվում է ՊՊԾ գնդի գրավման գործով այն մեղադրյալների վրա, որոնք անցնում են միայն հետևյալ հոդվածներով՝ ապօրինի զենք-զինամթերքի կրում-պահում, պատանդառություն, ռազմավարական նշանակության շենքերի զավթում: Համաներումը չի վերաբերում գործով մեղադրյալներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար:

1in.am