Ընտրական ծուղակ. նոր ԱԺ–ի «որակը» հարցականի տակ է

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը ներկայիս ընտրական օրենսգրքով հնարավորություն է տալիս քրեաօլիգարխիկ համակարգին ազդելու դրանց արդյունքների վրա, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հեղափոխության առաջին խնդիրը լուծված է` քրեաօլիգարխիկ համակարգը կազմալուծվել է։ Այդ երևույթի ֆորմալ դրսևորումը խորհրդարանի արձակումն էր։ Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի թիմին հաջողվել է իշխանությունից հեռացնել նախկին համակարգի ներկայացուցիչներին», – նշեց Սուրենյանցը։

Սակայն իրավիճակն այլ է մեկ այլ հարցում` նոր արդյունավետ իշխանությունների ձևավորման երաշխիքներ չկան։

Ցավոք, ըստ նրա, այստեղ լուրջ խնդիրներ կան։  Գործող ընտրական օրենսգիրքը չի երաշխավորում, որ հաջորդ խորհրդարանը կլինի որակով, և համակարգն էլ կայուն կլինի։

«Ընտրական օրենսգիրքը ընթացակարգ է, որն ըստ էության ուրվագծում է ապագա քաղաքական համակարգի բովանդակությունը, նրա զարգացման տրամաբանությունը։ Հեղափոխությանը մեծ վնաս է հասցվել նրանով, որ ընտրություններն անցկացվելու են գործող ԸՕ–ով», – ասաց Սուրենյանցը։

Նա չի կարծում, որ օլիգարխիայի ներկայացուցիչները կփորձեն կրկին ընտրություններին մասնակցել, քանի որ «խաղի կանոնները» փոխվել են։  Պատգամավորական մանդատը այլևս նրանց բիզնեսի «անվտանգությունը» չի ապահովում։

Սակայն ռեյտինգային քվեարկությունը, Սուրենյանցի խոսքով, ամեն դեպքում ծուղակի է նման։

«Ոչ մի կուսակցություն, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիրը», մարզերում 5-15 այնպիսի ներկայացուցչական թեկնածուներ չունի, որոնք կարող են ընտրական գործընթացին քաղաքական աստառ տալ», – ասաց Սուրենյանցը։

Մյուս կողմից` հասկանալի է, որ միջին և ցածր մակարդակում քրեաօլիգարխիկ համակարգը գոյություն ունի և որոշակի ազդեցություն կունենա ընտրական գործընթացի որակի վրա, իսկ դա նշանակում է՝ նաև խորհրդարանի որակի վրա։

«Խորհրդարանը ձևավորվելու է այնպիսի պայմաններում, որ ՀՀ ԱԺ ապագան լիարժեք քաղաքական մենք համարել չենք կարողանա», – նշեց Սուրենյանցը։

ԿԸՀ–ն նոյեմբերի 2-ի նիստին հաստատել է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացուցակը։ Ժամանակացույցի համաձայն՝ ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկում է նոյեմբերի 26-ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ԱԺ–ն երկրորդ անգամ վարչապետ չընտրեց, որից հետ ՀՀ նախագահի հրամանով խորհրդարանն արձակվեց։

armeniaspuntik.am